Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն` Հայաստանում

Մայիս 20,2017 12:03

Մայիսի 20, 2017թ., Երեւան.«Ավրորա» 2017թ. մրցանակի շնորհման արարողության եւ ուղեկցող միջոցառումների նախօրեին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան: Նա կհանդիպի Հայաստանի եւ Արցախի պետական, մշակութային ու հոգեւոր գործիչներին եւ կներկայացնի իր գործունեություննու 2016թ. «Ավրորա» մրցանակի ազդեցությունը:

«Անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան, այս անգամ արդեն ավելի շատ պատմություններով: Ես Հայաստան եմ բերել այն բոլոր երջանիկ մանուկների ու երիտասարդների ուղերձը, որոնք «Ավրորա» մրցանակի շնորհիվ այսօր օթեւան ունեն կամ որակյալ կրթություն են ստանում: Նրանք այժմ կարող են երազել ավելիին հասնելու մասին, – ասաց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, – անհամբերությամբ սպասում եմ՝ հանդիպելու Հայաստանի եւ Արցախի երիտասարդներին, կանանց ու բոլոր նրանց, ովքեր իրենց հյուրընկալ դռներն են բացելու իմ առաջ»:

Մայիսի 20-ին Մարգարիտ Բարանկիցեն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել էԱվրորա Մարդիգանյանին նվիրված հատուկ ցուցասրահ: Հենց Ավրորա Մարդիգանյանն է դարձել ոգեշնչման աղբյուր «Ավրորա» մրցանակի ստեղծման համար: Թանգարանում շրջայցից հետո տիկին Բարանկիցեն գրություն թողեց պատվավոր հյուրերի հուշամատյանում եւ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում եղեւնի տնկեց:

«Կարեւորելով «Ավրորա» մրցանակի առաքելությունը եւ խորհուրդը, մենք անհրաժեշտ ենք համարում, որ ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկիրները, հնարավորություն ստանան նաեւ Ծիծեռնակաբերդում իրենց խորհրդանշական ներկայությունն ունենալ՝ մշտադալար ծառի տեսքով: Դա շարունակական ավանդույթ կդառնա եւ Հայաստանի, եւ Ծիծեռնակաբերդի համար», – ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Երեւանից Մեգին կուղեւորվի Հայաստանի հարավ. կայցելի Տաթեւի միջնադարյան վանական համալիր, Գորիսում կհանդիպի տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների եւ ուսանողների հետ, կայցելի Աքսել Բակունցի տուն-թանգարան: Մարգարիտ Բարանկիցեն այնուհետեւ կմեկնի Արցախ, որտեղ Շուշիում կայցելի Ս. Ղազանչեցոց եկեղեցի եւ Վերին մզկիթ, «Նարեկացի» արվեստի կենտրոն, որտեղ տեղի կունենա մշակութային միջոցառում: Ստեփանակերտում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Արցախի պետական համալսարանի ուսանողներին, կայցելի Զոհված ազատամարտիկների թանգարան, այնուհետեւ կմեկնի Գանձասար:

Մարգարիտը կլինի նաեւ Գյումրիում, կայցելի Հայ կաթողիկե եկեղեցի, «Թռչունյան» մանկատուն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին: Էջմիածնում մրցանակի առաջին դափնեկիրը կհանդիպի նաեւ «Altitude 5165» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Մայիսի 26-ից Մեգին հարյուրավոր այլ հյուրերի հետ Երեւանում եւ Դիլիջանում կմասնակցի «Ավրորա» մրցանակի միջոցառումներին, որոնք կամփոփվեն մայիսի 28-ին, Երեւանում՝ մրցանակի շնորհման արարողությամբ:

Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է, 2016թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթեւան եւ խնամք:

Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):
IDeA հիմնադրամ, Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031