Հայտնել ենք, որ Իջեւան քաղաքի 36-ամյա բնակչուհին Բերդի տարածաշրջանի համայնքապետերից մեկին ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ` խոստացել է, որ այդ համայնքում ծրագրեր կիրականացնի եւ համայնքի ղեկավարից խաբեությամբ 200 հազար դոլար է վերցրել: Մեր հրապարակումը Տավուշի մարզում արձագանք է գտել: Մեզ հայտնեցին, որ այդ կինը, ով չի ամուսնացել, սակայն 2 տարեկան երեխա ունի, նախկինում բազում խարդախություններ է արել:
Ոստիկանության «Օ2» հաղորդաշարի 2013թ. հաղորդումներից մեկում հայտարարվել է , որ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ իջեւանցի այդ կինը 2012թ. հունիս ամսից մինչեւ 2013թ. հուլիսը Իջեւան քաղաքի մի բնակչուհուց խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, շարունակաբար հափշտակել է շուրջ 5 միլիոն դրամ: Այդ ռեպորտաժում նշվում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում կինը որպես կասկածյալ հարցաքննվել է եւ խոստովանական բացատրություն է տվել: Ռեպորտաժի ավարտին ասվում է՝ ոստիկանները կասկածներ ունեն, որ այդ կնոջ հանցավոր գործողություններից կարող են տուժած լինել այլ անձինք, որոնց խորհուրդ է տրվել դիմել ոստիկանության Տավուշի քննչական կամ մոտակա բաժին:
Բերդի տարածաշրջանից իմացանք, որ վերոհիշյալ համայնքապետը այնքան է հավատացել իր համայնքում զարգացման ծրագրեր իրականացնելու այդ կնոջ խոստումներին, որ հարազատներից գումարներ է պարտք վերցրել, նաեւ իր հարազատի երեւանյան տունն է գրավադրել, որոնց գումարները տվել է իջեւանցի կնոջը:
Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ համայնքապետից 200 հազար դոլար վերցնելու կապակցությամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ