ԱԺ-ում այսօր «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանին հարց ուղղեց. «Դիտորդների մոտ ձեւավորվել է համոզմունք, որ առկա է քաղաքական կոռուպցիա, ընտրակաշառքի համակարգված բնույթ: Դպրոցների տնօրենների մեծ մասը քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներ են: Ինչպե՞ս եք պայքարելու սրա դեմ: Եթե շատ եք, դա դեռ չի նշանակում, որ ճիշտ եք»:
Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ լավ ընտրություններ անցկացնելու գործում կարեւոր է, թե հասարակությունն ինչ կերպ է ընկալում ընտրությունների գինը. «Մեր առջեւ դրված խնդիրն է՝ հասարակության քաղաքական իրավական ընկալման աստիճանի բարձրացումը»:
Ինչ վերաբերում է շատ ու քիչ լինելուն, Հրայր Թովմասյանի խոսքով. «Վերոնշյալից չի էլ բխում, որ եթե դուք քիչ եք, ուրեմն դուք ճիշտ եք: Մեծամասնությունն էլ կարող է ճիշտ լինել, փոքրամասնությունն էլ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ