«ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանի հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին մատնանշեց զինծառայողներին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու հարցը: «Երբ ես էի ծառայում, սափրվելու պարագաներ ստիպված էինք առնել մեր սեփական միջոցներով: Հիմա էլ խնդիրն առկա է»,-ասաց նա:
«ԵԼՔ»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հետեւյալ հարցը բարձրացրեց. «Զոհված զինծառայող Արտակ Էդիկի Ռաֆայելյանը գինեսի ռեկորդակիր է: Ճիշտ չի՞ լինի, որ նման շնորհալի երիտասարդները համապատասխան զորամասում ծառայեն: Չեմ կարծում, որ ունեցել ենք նման երիտասարդ: Նա պետք է ծառայեր սպորտային զորամասում, բայց զոհվել է առաջնագծում»:
Կորյուն Նահապետյանը նկատեց, որ հարցը կարելի է քննարկել ՊՆ-ի հետ. «ՊՆ-ի շրջանակներում է հարցի լուծումը: Կքննարկենք»:
«ԵԼՔ»-ի պատգամավոր Արամ Սարգսյանն էլ իր հերթին հետաքրքրվեց՝ Կորյուն Նահապետյանը ապրիլյան քառօրյայից առաջ ռազմաքաղաքական ղեկավարությանը զեկուցե՞լ է առաջնագծի խնդիրների մասին:
«Հանգիստ խղճով կարող եմ ասել, որ ապրիլյան դեպքերից առաջ նկատած բացթողումներն արձանագրվել են ապրիլյան պատերազմի օրերին»,-պատասխանեց Կորյուն Նահապետյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ