Լրահոս
Օրվա լրահոսը

Գլենդել հիլզ թաղամասի մոտ գտնվող դպրոցը գայթակղիչ պատառ կարող է լինել նորօրյա բիզնեսմենների համար. «Հրապարակ»

Մայիս 20,2017 10:55

Խմբագրություն այցելած քաղաքացին Երեւանի կենտրոնում գտնվող Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի ծնողն է։ Նա ուշագրավ պատմություն ներկայացրեց մեզ։ Պարզվում է՝ դեռ ձմռան ամիսներին, իբր սաստիկ ցրտերի դեմ պայքարելու նպատակով, դասապրոցեսն սկսել են կազմակերպել 2 մասնաշենքերից մեկում, քանի որ մեկ մասնաշենքն ավելի հեշտ է տաքացնելը, քան երկուսը։ Հետո օրերը տաքացել են, բայց «մոռացել» են աշակերտներին հետ տանել մյուս մասնաշենք, եւ ստացվել է, որ շենքերից մեկն ուղղակի ավելորդ է։ Իսկ օրեր առաջ դպրոց են այցելել ինչ-որ մարդիկ, որոնք չափուձեւ են արել շենքում, եւ դրանից ծնողները հասկացել են, որ թիվ 7 դպրոցը վտանգի տակ է։ Եթե սկսվել է օպտիմալացման գործընթաց, ապա առաջիններից մեկը հենց իրենց դպրոցն է «օպտիմալացվելու»։

Մենք նախ այցելեցինք Մայակովսկու անվան դպրոց, մուտքի դիմաց հանդիպեցինք ծերունի պահակին, ով ասաց, որ տնօրենը՝ Վիկտորյա Ռուխկյանը, տեղում չէ, ոտքը կոտրել է՝ գործի չի գալիս։ Խնդրեցինք փոխտնօրենին կամ ուսմասվարին կանչել։ Տնօրենի սենյակից դուրս եկան երկու կին։ Իմանալով, որ տնօրենին լրագրող է հարցնում, ամեն ինչ մոռացան․ «Մենք ոչինչ ասել չենք կարող, հեռախոսահամար տրամադրել իրավասու չենք, տնօրենը ոտքը կոտրել է, չի գալիս դասի»։ Խնդրեցինք գոնե տնօրենին փոխանցել մեր հեռախոսահամարը, որպեսզի դպրոցին առնչվող հարցերն իրեն հղենք։ Խոստացան, բայց զանգ չստացանք։ Կարողացանք միայն չորս կողմից զննել դպրոցը, լուսանկարներ անել։ Դպրոցի դիրքը, շենքային պայմանները բավականին հարմար են որեւէ ժամանցային վայրի վերածելու համար։ Եվ չի բացառվում, որ հենց այդ պատճառով էլ այն թիրախավորվել է։

Մայրաքաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանից մոտ 200 մետր հեռավորության վրա, Գլենդել հիլզ թաղամասի մոտ գտնվող դպրոցը գայթակղիչ պատառ կարող է լինել նորօրյա բիզնեսմենների համար։ Կրթության եւ գիտության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մեր ենթադրությունները, ասելով, որ ծրագիրը դեռեւս քննարկման փուլում է. «Դեռեւս վերջնական որոշում չկա, խոսքը ծրագրի քննարկման մասին է, ոչ հասցեական դպրոցների»։

Լիլիթ ՇԱԲՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031