Գործընկերներիցս մեկը խորհրդարանական բանավեճերը բնութագրում է եռաստիճան համակարգով. 1/ «ղժիկ», 2/ «տժիկ», եւ 3/ «կիլդիմ», որը պատգամավորական լեզվակռվի ամենաբարձր մակարդակն է: Երեկ եւ այսօր պարզ դարձավ, որ այս դասակարգումն իր նշանակությունը պահպանելու է նաեւ 6-րդ գումարման Ազգային ժողովում: Պարզ է, որ մեծամասնությունն իր ուզածն անցկացնելու է, ինչպես ընդունված է ասել, «չորով»: (Օրինակ, եթե թույլ տրվեր ստեղծել ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողով եւ այն ղեկավարեր Էդմոն Մարուքյանը, ապա դրանից հաստատ իշխանափոխություն տեղի չէր ունենա, բայց, օգտագործելով մեծամասնության որոշ ներկայացուցիչների եզրաբանությունը, ոչ մի հարցում չզիջելը «պրինցիպի հաշիվ ա»): «Ծառուկյան» դաշինքը երկրորդական հարցերում հակադրվելու է մեծամասնության այդ գծին, բայց սկզբունքային խնդիրներում չի խոչընդոտելու իշխանության ծրագրերի իրականացմանը: Նշված երեք մակարդակի բանավեճերը հրահրելու է «Ելքը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ես գիտեմ մարդկանց, որոնք իրենց ազատ ժամանակը սրճարաններում կամ պուրակների նստարաններին անցկացնելով, հանում են իրենց հեռախոսները եւ սկսում են լսել Նիկոլ Փաշինյանի ելույթները: Դրանք իսկապես սուր են, խարազանող, դրամատուրգիայի տեսանկյունից լավ են կառուցված եւ հարուստ են դիպուկ արտահայտություններով ու սրամիտ համեմատություններով: Պարզապես ինձ չի թվում, որ անհրաժեշտ է ամեն մի մանր խնդրի կամ, ինչպես ԱԺ նորընտիր նախագահն է ասում՝ «ծիտիկի» («պտիչկայի») համար «ղժիկ» կամ «տժիկ» սարքել: Երբ գործը հասնի լուրջ հարցերի, հռետորական արվեստն ավելի շատ պետք կգա, եւ այն ժամանակ «ղժիկը» դարձյալ կընկալվի որպես սովորական, առօրյա երեւույթ:
Խնդիրն այն է, որ լրատվամիջոցները, եւ, առաջին հերթին կայքերը, չեն խորանում, թե ինչպես պետք է լուծվի այս կամ այն օրինագծում նկարագրված խնդիրը՝ դա շատ քչերին է հուզում: Փախարենը մարդկանց շատ է հետաքրքրում, թե ով ում, դարձյալ օգտագործելով մեծամասնության բառապաշարը, «տռաս հանեց»: Բայց կարող են լինել հարցեր, որտեղ հասարակությունն իսկապես պետք է կողմոնորշվի, սակայն չի կարողանա, որովհետեւ խնդիրը կթաղվի հռետորաբանական հնարքների մեջ:
Դահլիճում այդ ժանրի քննարկումները կարելի է պակասեցնել՝ մանավանդ, որ լրատվամիջոցների եւ օգտատերերի համար «ղժալու» լայն հնարավորություն են տալիս «միջանցքային հարցազրույցները»: Իհարկե, Առաքել Մովսիսյաննն ու Մհեր Սեդրակյանն այլեւս խորդարանում չեն: Փոխարենը մնացել է գեներալ Սեյրան Սարոյանը, որի հետ լրագրողների զրույցները կարող են անվերջ ձգվել եւ չձանձրացնել youtube-ի օգտատերերին: Բայց այդ առումով, կարծում եմ, խորհրդարանական միջացքների ծագող աստղ է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը դեռ մինչեւ վերջ չի բացահայտել իր բոլոր տաղանդները: Այնպես որ «քաղաքականություն» սիրողները սրճարաններում հաստատ զբաղմունք կունենան:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ամէնքս ալ գիտենք որ ոչ ձեր իմաստնալից յօդուածները-ոչ ալ մեր առաւել կամ նուազ չափով համապատասխան կարծիքները իրականութենէն բան մը պիտի կարենան փոխել,նման ենք պուրակի մը անկիւնը նստած այն անձերուն որ իրենց բջիջայիններով ընկերոջ մը հետ վերլուծումներ կը կատարեն /հաճելի ժամանցի համար/ քանի յաջորդ նիստին մեր խորամանկ և ճարպիկ Շարմազանովը / որը որ՛ բարձունքէն ալ նետես միշտ չորս թաթիկներուն վրայ կ,իյնայ և կը փորձէ ներկաներուն սեւը սպիտակ ներկայացնել և անոր հակառակը՛ հաւասար պաղարիւնութեամբ/ և այսպէս բոլոր ակումբներու և մամուլի էջերուն մէջ պարագան նոյնն է, օրերը կ՛անցնին,գացողը կ՛երթայ,մնացողը կը մնայ և մենք կը շարունակենք երազել որ մի քանի տարիէն չորս միլիոն կը դառնանք ,առանց պահ մը մտածելու որ մեր հակառակորդը կը դառնայ տասնչորս կամ քսանչորս,,,
Բնականաբար մեր ճարպիկ սողունները,Գերագոյն Շէֆը ուրախացնելու համար հանդէս կու գան կարելի բոլոր միջոցներով լաւատեսական խրախուսիչ ելոյթներով մեր նուաճումներու մասին ճառել,միւս կողմէն իրենց ձեռք ձգած սարդանաբաղեան պալատը իտալական մարմարներով զարդարել որ իրենց թոռները երբ ՄՆ-էն գալու ըլլան արձակուրդի,օրհնեն իրենց պապիկին յիշատակը ; Վեր ի վարոյ ներկայիս սա է մեր իրական պատկերը ընդհանուր առումով;
Պ. Աբրահամեան
ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ բառը շատ յաճախ կը հանդիպինք ձեր յօդուածներուն մէջ.
գոնէ մի անգամ փակագծի մէջ դնէիք անոր հայերէն տարբերակը,աւելի լաւ կրնայինք
հետեւիլ ձեր գաղափարներուն;
Անցեալները նիւթ եղաւ անոր ծագումի մասին;
Ոմանք ըսին ռուսերէն է-ուրիշներ,յունարէն-կամ լատիներէն-նոյնիսկ ուրարտերէն ըսողներ եղան,
վստահաբար հայերէն համապատասխան բառը գոյութիւն ունենալու է ՞; Շնորհակալութիւն ;