Լրահոս
Օրվա լրահոսը

Իրատեսությամբ հեռանկարային տեսլական

Մայիս 20,2017 15:00

Նորընտիր ԱԺ-ին ուղղված ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Արցախյան հարցի նախընտրական քննարկումներին եւ հորդորել մտածել տասնամյակների կտրվածքով:

Երեկ մեկնարկեց ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը: Դրանից մեկ օր առաջ ՀՀԿ ԳՄ նիստն ու ԲՀԿ խմբակցության նիստը տվել էին գրեթե բոլոր հարցերի պատասխանները. մինչեւ նիստն արդեն իսկ պարզ էր, թե նորընտիր խորհրդարանում պաշտոններն ինչպես են բաժանվելու: Սա էր պատճառներից մեկը, որ երեկվա նիստի առանցքային եւ փաստացի միակ նորությունը մնաց երկրի ղեկավարի ելույթը:

Սերժ Սարգսյանը շուրջ ժամուկես տեւած ուղերձում ոչ միայն մատնանշեց նորընտիր խորհրդարանականների անելիքներն ու նրանցից ակնկալվող նվազագույն վարքագիծը, այլեւ անդրադարձավ հասարակության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին: Ելույթում առանցքայինն, անշուշտ, նորընտիր խորհրդարանի առաքելությանն անդրադարձն էր, որն ըստ Սերժ Սարգսյանի բանաձեւման՝ նոր որակի պետական համակարգի անցումը մարմնավորելն է: Ուղերձի տարբեր հատվածներում երկրի ղեկավարը հիշեցրեց, որ նորընտիր խորհրդարանականները ոչ միայն պետք է հարյուրավոր օրինագծերով ապահովեն փոփոխված սահմանադրական նորմերի, երկրի օրենսդրության ու իրավակիրառական պրակտիկայի համապատասխանությունը, այլեւ իրացնեն սահմանադրական փոփոխություններով իրենց վրա դրված լիազորությունները՝ խորհրդարանական դիվանագիտության, պետական մարմինների կազմավորման, վերահսկողական գործառույթներ իրականացնելու ոլորտներում:

Նշված խնդիրներին ծավալուն ելույթում զգալի տեղ էր հատկացված: Այդուհանդերձ, նախագահի ուղերձից արժանի է առանձնացնել ոչ թե նոր գումարման խորհրդարանի առջեւ դրված խնդիրները, այլ հանրապետության զարգացման երկարաժամկետ տեսլականի ձեւակերպման փորձն ու Արցախյան հիմնահարցում կատարած արձանագրումները:

Օրինաչափ համարելով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը ներքաղաքական մրցակցության ընթացքում օգտագործելու փորձերը (հանուն արդարության պետք է ասել, որ բաց համակարգերում այլ բան չի էլ կարող լինել)՝ Սերժ Սարգսյանը միաժամանակ հարկ համարեց խորհրդարանին ուղղված ելույթում պարզաբանումներ անել նախընտրական քարոզչության ընթացքում շահարկված հարցերի վերաբերյալ:

Դեպքերը երկուսն էին. մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից 1997-ին եղած առաջարկները թմբկահարելը, իսկ մյուսը՝ Վարդան Օսկանյանի կողմից մադրիդյան սկզբունքներին անդրադառնալը: Առաջինի պարագայում Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ երկու տասնամյակ առաջ միջնորդների ներկայացրած առաջարկները ոչ միայն չեն գերազանցում ներկայումս սեղանին դրված առաջարկներին, այլեւ դրանք անտեսում էին հակամարտության պատճառը եւ չէին ենթադրում խնդրի համապարփակ կարգավորում:
Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքներին, ապա Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ դրանց նախնական տարբերակում Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման գործիք սահմանված է եղել պլեբիսցիտը՝ խորհրդատվական հանրաքվեն, մինչդեռ այսօր առկա առաջարկներում հստակ ամրագրված է Արցախի բնակչության՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտություն դրույթը: Ըստ որում՝ այն ոչ միայն ամրագրված է, այլեւ բազմիցս հրապարակայնացվել է համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությամբ:

Նախագահի ելույթի՝ Արցախի հիմնախնդրին վերաբերող հատվածի կարեւոր արձանագրումներից մեկն այն էր, որ երկրի ղեկավարը փաստորեն հաստատեց այն տեղեկությունը, որ մադրիդյան փաստաթղթի մինչ օրս հրապարակված ամենատարբեր տեքստերը ճշգրտորեն չեն ներկայացնում բանակցվող փաստաթղթի բովանդակությունը: Սա կարեւոր տեղեկություն էր՝ այն առումով, որ վերջին շրջանում տարատեսակ տարբերակներ դրվել էին շրջանառության մեջ եւ երբեմն-երբեմն շահարկումների տեղիք էին տալիս: Ինքը՝ Սերժ Սարգսյանը, հրաժարվեց խոսել ներկայումս սեղանին եղած առաջարկների բովանդակության ու առավելությունների մասին, փոխարենը հիշեցրեց Իլհամ Ալիեւի դժգոհության մասին, ով նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակավ նեղսրտել էր, թե «միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Ամփոփելով ելույթի այս հատվածը՝ Սերժ Սարգսյանը հարկ համարեց Ազգային ժողովի ամբիոնից երկու կարեւոր արձանագրում անել: Նախ՝ հայկական կողմը չի ձգտում ստատուս քվոյի պահպանման, եւ ընդհակառակը՝ ձգտում է խնդրի լուծման ծանր բեռը չթողնել հաջորդ սերունդներին: Եվ երկրորդ՝ իրավիճակի հանգուցալուծման բացակայությունն ամենեւին չի նշանակում, որ տեղին են դիմացի կողմի ու այլոց այն մտավախությունները, թե ժամանակն աշխատելու է Ադրբեջանի օգտին: «Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում»,- հայտարարեց երկրի ղեկավարն ու ընդգծեց. «Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց եւ պատրաստ ենք ու այսուհետ եւս պատրաստ կլինենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը պաշտպանել ամեն գնով»։

Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական զարգացումներին, ապա ուշագրավն այստեղ նախագահի կողմից առաջ քաշված խնդիրն էր. «Ժամանակն է, որ մեր ծրագրման, թիրախների ամրագրման հորիզոնը դառնա առնվազն 20-25 տարի, արտահայտի այն ցանկություններն ու նպատակները, որոնց մենք ձգտում ենք եւ հասնելու ենք մեր աշխատանքի շնորհիվ՝ անկախ կուսակցական պատկանելությունից»: Երկարաժամկետ պլանավորման 20-25 տարվա նշաձողն, ըստ ամենայնի, հոգեբանական նշանակություն ունի: Ի վերջո, Հայաստանի անկախացումից անցել է 25 տարի, եւ ոչ միայն երկրի նախագահն ու պատգամավորները, այլ նաեւ յուրաքանչյուր քաղաքացի մտովի վերլուծում է, թե ինչ ճանապարհ ենք անցել եւ երբ ենք հասնելու բաղձալի նպատակին: Այս իմաստով 25 տարվա հիշատակումը կարելի է նաեւ էմոցիոնալ որակել, սակայն կարեւորն այստեղ սկզբունքն է՝ երբ առաջարկվում է վերացարկվել 5-ամյա ընտրական ցիկլից եւ զարգացման ծրագրերն ավելի հեռանկարային դարձնել, իսկ գործողությունները՝ թիրախավորված:

Բնական է, որ նպատակասլացություն ու ցանկացած ռազմավարություն ենթադրում է առաջին հերթին կոնկրետ ձեւակերպված նպատակակետեր: Այս առումով բավականին հիշարժան էին նախագահի կողմից մի շարք ոլորտներում սահմանված թիրախները. 2040 թվականին հասնել ՀՆԱ-ի կոնկրետ ցուցանիշի (մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասցնել 15.000 դոլարի), բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի, աղքատության ցուցանիշը նվազեցնել մինչեւ 7 տոկոս եւ այլն: Սրանք թիրախներ են, որոնց հասնելու համար պետք է սկսել գործել հենց այսօր, եւ հատկանշական է, որ նորընտիր խորհրդարանի հենց առաջին իսկ նիստում նման խնդիր է դրվում երկրի իշխանությունների առջեւ:

Հասկանալի է, որ ոլորտները շատ են, եւ բազմաթիվ դեպքերում թիրախները դեռ ձեւակերպման կարիք ունեն, ու դեռ հսկայական ժամանակ էլ պետք է, որպեսզի անհրաժեշտ գործողությունների ծրագրեր մշակվեն: Սակայն կարեւոր է երկարաժամկետ մտածողության արմատավորումը: Ի վերջո, դա նաեւ ձերբազատում է այն մտավախությունից, որ Հայաստանի անկախությունը ժամանակավոր մի բան է, եւ խնդիրներն ինչ-որ մեկը գալու է մեր փոխարեն լուծի: Սերժ Սարգսյանի ուղերձն այս իմաստով հստակ էր. ունենալ տեսլական եւ ձգտել դրան:

Ամփոփելով՝ պետք է նաեւ նշել, որ երկրի ղեկավարն իր խոսքում բավականին իրատեսական էր: Նա չթաքցրեց, որ մոտ ապագայում երկու հարեւանների հետ հարաբերությունները բարելավման միտում չեն ունենալու, չթաքցրեց, որ առաջընթացի համար պետք է հաղթել «ներքին թշնամուն»՝ ի դեմս անարդարության, որ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է բարենպաստ բիզնես-միջավայր եւ պետության պրոակտիվ մասնակցություն, որ համաչափ զարգացումը կարճաժամկետ հատվածում անհնար է եւ պետք է կենտրոնանալ նախադրյալներ ունեցող ծրագրերի վրա, որ երկրի ժողովրդագրական վիճակը գերխնդիր է եւ կտրուկ միջոցների կարիք է զգում եւ այլն: Մի խոսքով՝ մոտեցումը իրատեսական էր, սթափ եւ միտված էր խնդիրները ձեւակերպելուն, այլ ոչ թե դրանք թաքցնելուն:

Եթե խորհրդարանում նախագահի ուղերձին ականջալուր եղած նորընտիր խորհրդարանականներն ու սոցիալ-քաղաքական կյանքի մյուս մասնակիցները վարակվեն այս մոտեցմամբ, հնարավորություն կա, որ նոր խորհրդարանն իսկապես իր գործունեությամբ շրջադարձ ապահովի:

 

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

19.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031