Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքների ոլորտում Արցախը ոչ միայն սպառող է, այլեւ կարող է ունենալ արժեքավոր ներդրում»

Մայիս 20,2017 14:30

Ասում է Արցախի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը

-Մայիսի 5-ին լրացավ Ձեր՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ պաշտոնավարման մեկ տարին: Հաջողվե՞ց մեկ տարում իրավապաշտպան ոլորտում որոշակի գործունեություն ծավալել:

– Մենք մեկ տարվա ընթացքում փորձել ենք ռազմավարական ուղղություններ զարգացնել, որոնցից մեկն էլ համագործակցությունն է միջազգային կառույցների, առաջին հերթին՝ իրավապաշտպան համայնքի, մասնագիտական հանրության հետ, եւ այս ուղղությամբ մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրում:

– Վերջերս հաճախակի եք հանդիպումներ ունենում արտերկրի իրավապաշտպան կառույցների հետ, ելույթներ եք ունենում, իսկ օրեր առաջ էլ գտնվում էիք Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Ի՞նչ համաժողովի էիք մասնակցում, եւ ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ, ի՞նչ կարգավիճակով: Չէ՞ որ չճանաչված պետության ՄԻՊ-ն եք, եւ Ձեր գործունեությունն այս առումով խոցելի է:

– Անշուշտ, իմ կարգավիճակը որոշակի դժվարություններ առաջացնում է, բայց մենք շարունակում ենք մեր նախանշված ծրագիրը, որպեսզի կարողանանք Արցախի քաղաքացիների մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին ներգրավել եւ հաղորդակից դարձնել նաեւ վերաբերելի միջազգային իրավապաշտպան կառույցներին:
Բուդապեշտում անցկացված բավական հետաքրքիր համաժողովի խորագիրն էր՝ «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում»:

Ուղղակի առնչություններ ուներ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, Արցախի մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։ Իրավունքի նշված երկու ճյուղերի կիրառելիության հարցը միջազգայնագետների մոտ բավական երկար ժամանակ է, ինչ օրակարգային հիմնահարցերից մեկն է։ Բուն խնդիրը հետեւյալն է՝ պատերազմական իրավիճակներում, միջազգային հումանիտար իրավունքի գործողության պայմաններում, շարունակո՞ւմ են գործել մարդու իրավունքների ընդհանուր եւ ռեգիոնալ իրավունքի պահանջները, թե՝ ոչ:

Բուդապեշտի համաժողովը կազմակերպվել էր Հունգարիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից, անցկացվում էր հենց Հունգարիայի ԱԳՆ շենքում: Մենք ինքներս ենք դիմել գրանցման համար՝ ներկայանալով ի պաշտոնե, եւ կազմակերպիչների կողմից ստացել մասնակցելու հնարավորություն:
Ինքներս ենք փորձում գտնել հետաքրքիր ու օգտակար հարթակներ։
Պետք է նշել, որ համաժողովի որակի հետ կապված իմ ակնկալիքներն արդարացան։ Շատ բարձր մակարդակ ենք տեսել: Համաժողովի նիստերին բանախոսում էին առաջատար մասնագետները, իսկ քննարկման թեմաները վերաբերում էին ինչպես զուտ իրավական, այնպես էլ կիրառական բնույթի հարցերին, մասնավորապես՝ մարդու իրավունքներին վերաբերող փաստահավաք առաքելության առավել արդյունավետ իրականացման հիմնախնդիրներին:

Համաժողովին մասնակցում էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, համալսարանական գիտնականներ, դատական կորպուսի ներկայացուցիչներ։ Ծավալվել էր հետաքրքիր մասնագիտական քննարկում, եւ մենք ոչ միայն ունկնդրի դերում էինք, այլեւ ակտիվորեն մասնակցեցինք քննարկումներին, ներկայացրեցինք ԱրՀ ՄԻՊ հաստատության փորձը։ Դա որոշ մասնակիցների մոտ հետաքրքրություն առաջացրեց, ըստ էության, մենք երկխոսության մեջ մտանք:

– Ի՞նչ երկխոսության մասին է խոսքը:

– Օրինակ, հետաքրքիր էր ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման արդյունքում առաջացող իրավիճակը: Խոսքը փաստահավաքության ընթացքում սոցիալական ցանցերից տեսանյութերի, լուսանկարների ներբեռնման մասին է, դրանց կիրառելիության եւ ապացուցողական նշանակության մասին։

– Պարոն Մելիքյան, դա տեխնիկական կողմն է, իսկ ի՞նչ կարող են տալ «չստուգված» տեսանյութերը, ապացուցողական նշանակության հանգամանքը ինչպե՞ս է որոշվելու, զատվելու:

– Իսկապես, այս հարցն ունի տեխնիկական բաղադրիչ, բայց նաեւ՝ ապացուցողական կողմ, որոնք փոխկապակցված են. ինչպե՞ս կարելի է ժամանակին ամրագրել, ինչպե՞ս կարելի է բաց չթողնել, ի՞նչ նշանակություն ունեն փաստահավաք առաքելության ընթացքում ձեւավորված ամբողջական զանգվածի մեջ այս նյութերը:

Եվ, իսկապես, ես հասկացա, որ սա ոչ թե միայն մեր տարածաշրջանին հետաքրքրող խնդիր է, այլ գլոբալ խնդիր է: Մասնակիցներից շատերը հաստատեցին, որ վերջին շրջանում սոցցանցերում տեղադրված նյութերը գնալով ավելի մեծ կարեւորություն ու հետաքրքրություն են ստանում տարբեր տարածաշրջաններում իրականացվող փաստահավաքության ընթացքում:

Ամփոփելով նշեմ, որ համաժողովին մասնակցությունը մեզ համար կարեւորություն ուներ երեք հարթությունում։ Առաջին՝ ծանոթանալ ռազմական գործողություններին վերաբերող իրավաբանության զարգացման վերջին միտումներին։ Օրինակ, հիշենք «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի մեքենայի գնդակոծումը: Ո՞ր իրավունքն է կիրառելի. միայն Ժնեւյա՞ն իրավունքը՝ հումանիտար իրավունքը, թե՞ նաեւ մարդու իրավունքների միջազգային իրավունքը, տվյալ դեպքում՝ մարդու իրավունքների եվրոպական իրավունքը: Մասնագետների ճնշող մեծամասնությունն այն կարծիքին էր, որ թե՛ միջազգային դատարանների պրակտիկան, թե՛ իրավական դոկտրինը ցույց են տալիս, որ երկու համակարգերը զուգահեռաբար գործում են: Օրինակ, մենք չենք կարող միջազգային հումանիտար իրավունքի ներքո ներկայացնել պնդում այն մասին, որ հարձակումը տեղի է ունեցել հատուկ պաշտպանության ենթակա անձանց կատեգորիայի նկատմամբ։ Սակայն այլ է վիճակը մարդու իրավունքների տեսանկյունից։ Մարդու իրավունքների միջազգային իրավունքի ներքո՝ եթե չկա հարձակման անմիջական վտանգ, որեւէ թշնամական գործողություն չի կատարվում, ապա հարձակումը չի կարող իրավաչափ համարվել: Այսինքն, փոխակերպելով մարդու իրավունքների տերմինաբանությամբ՝ կյանքի իրավունքի նկատմամբ ոտնձգությունը չի կարող իրավաչափ լինել: Դա տարածվում է նաեւ դիրքապահների, առաջին գծում գտնվողների վրա: Եթե մարդիկ, անկախ «համազգեստից», կրակ չեն բացում, անմիջական վտանգ չեն ստեղծում, ապա իրավաչափ չէ նրանց վրա կրակ բաց թողնելը: Թերեւս, բացառություն է նաեւ իրավաչափ ռեպրեսալիայի իրավիճակը:

Հենց այստեղ է երկու իրավական համակարգերի տարբերությունը: Միջազգային հումանիտար իրավունքի համաձայն, եթե շարքից դուրս եկած չես, ուրեմն լեգիտիմ թիրախ ես: Բայց մարդու իրավունքների միջազգային իրավունքի տեսակետից այդպես չէ: Բերվեցին բազմաթիվ օրինակներ Եվրոպական դատարանի պրակտիկայից, այլ տարածաշրջանների դատական մարմինների պրակտիկայից, որ նրանք դուրս են գալիս այն հին կարծրատիպից, որ պատերազմական իրավիճակներում մարդու իրավունքների ընդհանուր իրավունքը չի գործում:

Մեկ այլ կարեւոր խնդիր էր փաստահավաք առաքելության արդյունավետության խնդիրը։

Մենք հավաստիացանք, որ այս ուղղությամբ մեր գործունեությունը տեղավորվում է միջազգային ստանդարտների մեջ։ Այսպիսով, իմ մասնակցության առաջին նպատակն արդի միտումներին ծանոթանալն էր։ Երկրորդ նպատակը մեր փորձով կիսվելն էր, երկխոսության մեջ ներգրավվելը։ Ու սա եւս մեզ որոշակիորեն հաջողվեց։ Ու հետագայում եւս մենք նույն ոգով շարունակելու ենք։ Քանզի իմ համոզմունքն այն է, որ մարդու իրավունքների ոլորտում Արցախը ոչ միայն սպառող է, այլեւ կարող է ունենալ արժեքավոր ներդրում։ Մենք միջազգային հանրության մաս ենք, եւ առաջին հերթին ինքներս պետք է մեզ զգանք որպես միջազգային հանրության մաս՝ մեր ասելիքով, մեր ինքնությամբ։
Եվ վերջապես՝ երրորդ նպատակը. մեզ համար կարեւոր էր նաեւ միջոցառմանը մասնակցելու ներկայացուցչական հարթությունը:

– Ադրբեջանական կողմը մասնակցո՞ւմ էր փորձագիտական համաժողովին:

– Անկեղծ ասած, ես տեղեկացված չեմ, բայց ադրբեջանական անուն-ազգանունով նկատեցի մի մասնակցի, որը զարմացած էր Արցախի դրոշով կրծքանշան տեսնել մասնակիցներից մեկի մոտ: Այդ մասնակիցը ակտիվություն չդրսեւորեց, «երբ ի պաշտոնե» ներկայացա ու հարց հնչեցրի։ Այդ ժամանակ նա ներկա էր, իսկ դրանից հետո այլեւս չնկատեցի: Երեւի հեռացել էր։

 

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

19.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031