Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք քայլ, որ տանում է դեպի իրական ներառում

Մայիս 20,2017 13:30

Հայելի, զանազան պատկերներ, հարմարեցված կահույք, գույնզգույն ծաղիկներ, դիտակտիկ պարագաներ. ահա այս դասասենյակում են յուրաքանչյուր երեխայի հետ աշխատում հատուկ մանկավարժները:

«Հիմա ստուգում ենք երեխայի տարածաժամանակային ընկալումը»,- թուղթն ու գունավոր մատիտները տալով երեխային՝ ասում է լոգոպետ Մարգարիտա Հարությունյանը:
«Առաջնային նպատակներից մեկն էլ երեխաների մոտ ընկալումների ձեւավորումն է, պատկերացումներն իրեն շրջապատող երեւույթների նկատմամբ ճիշտ վերարտադրելը: Անհատական աշխատանքի շնորհիվ միայն կարող ենք հաջողություններ գրանցել»,- ավելացնում է Մարգարիտան:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ իրենց անհատական կրթական կարիքին համապատասխան, ներառական որակյալ եւ մատչելի կրթությամբ ապահովելը դարձել է օրակարգային հարց։
Դեռեւս 2016 թվականի գարնանից սկսված նախապատրաստական աշխատանքների արդյունքում Արարատի մարզի Սուրենավան գյուղի դպրոցն ինն ամիս է, ինչ իրականացնում է ներառական կրթության ծրագիրը:

«Կարեւորագույն քայլերից մեկն էլ եղավ այն, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հայտնվեցին ուշադրության կենտրոնում, հնարավորություն ստացան դրսեւորվելու եւ ներգրավվելու ուսումնական ծրագրերի մեջ, ինչպիսի դրական էմոցիաներով պիտի մարդ լցվի, երբ անակնկալ կերպով դուռը բացվի եւ բացիկներով ու ողջույններով ներս մտնեն ներառական կրթություն ստացող երեխաներ»,- պատմում է նույն դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը: Նրա կարծիքով՝ համագործակցության, վստահության մթնոլորտի ձեւավորման եւ հետեւողականության շնորհիվ երեխաներին կարող են իրական ներառման ուղով տանել:

Թվով 16 երեխա, որոնք ներառված են տարբեր դասարաններում: Բացի ընդհանուր կրթական դասընթացից՝ ամեն երեխա ունի անհատական աշխատանքի ժամեր, որը կարգավորվում է հատուկ կազմված գրաֆիկով. տեւողությունը պայմանավորված է յուրաքանչյուր երեխայի խնդրով: Շաբաթական երկու անգամ յուրաքանչյուր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի հետ աշխատում է վերապատրաստումներ անցած հատուկ անձնակազմը:

«Անհատական եւ խմբակային աշխատանքները հիմնականում միտված են երեխաների զարգացմանը եւ միջանձնային հարաբերությունների բարելավմանը, քանզի երեխաների մոտ նկատելին հենց շփման, հաղորդակցման, ագրեսիվ վարքի խնդիրներն են»,- նշում է հոգեբան Լիաննա Դոլուխանյանը:

Ըստ Սուրենավանի գյուղի տվյալների՝ գյուղում ապրող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներից վեցը հաճախում են հատուկ դպրոցներ, իսկ մեկը՝ հենաշարժողական համակարգի խնդիրներ ունի:

«Այդ երեխան դասամատյանում գրանցված է եւ կրթություն է ստանում տան պայմաններում, ուսուցիչներն են գնում իրենց տուն՝ առանձին ուսումնական պլանով պարապելու: Նշեմ նաեւ, որ հաջորդ ուսումնական տարում ներառական կրթություն ստացող երեխաների անհատական եւ խմբակային դասընթացների համար հատկացնելու ենք ավելի մեծ դասասենյակ, իհարկե, դպրոցը կարեւորում է նաեւ թեքահարթակների առկայությունը եւ առաջիկայում նախատեսում ենք ունենալ»,- ասում է դպրոցի տնօրենը:

Ներառումն ընդունում է նաեւ, որ երեխաները սովորում են տարբեր արագությամբ, իսկ ուսուցիչներին հարկավոր են հատուկ հմտություններ՝ ուսուցման գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար։ Անհրաժեշտ է հասկանալի եւ մատչելի դասավանդում։ Իսկ դա իր հերթին ենթադրում է երեխայի առանձնահատկություններին, զարգացման տեմպերին անհատական կրթական պահանջմունքներին, ընդունակություններին եւ կարողություններին համապատասխանող տարբեր մեթոդների օգտագործում։

«Ես հասկանում եմ, որ ամեն ծնողի երջանկությունն է, երբ երեխան դպրոց է գնում, եւ առաջին քայլերն է անում, մանավանդ այն դեպքում, որ երեխան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող է, ինքս կարեւորում են ներառական կրթության դերն ու նպատակը, բայց կարծում եմ, որ երեխաների հետ սկզբնական շրջանում՝ գոնե մեկ տարի պիտի հոգեբաններն ու մանկավարժներն աշխատեն, որովհետեւ յուրաքանչյուր ագրեսիվ պահվածք, որը կդրսեւորվի ընդհանուր դասապրոցեսի ժամանակ, երբեմն ազդում է ոչ առանձնահատուկ կրթության պահանջներ ունեցող երեխաների վրա, այդ թվում եւ իմ երեխայի վրա»,- նշում է նույն դպրոցում սովորող աշակերտներից մեկի մայրը:

Այս հարցի լուծման համար տարբերակներ են առաջարկվում, որոնցից մեկն էլ հատուկ մանկավարժների՝ ոչ միայն անհատական ժամերի առկայությունն է, այլեւ վերջիններիս ներկայությունը ընդհանուր դասապրոցեսի ընթացքում: Այս դեպքում երկտեղվում է ուսուցիչների աշխատանքը:

Հանրահաշվի եւ երկրաչափության ուսուցչուհի Լ. Մարտիրոսյանը, որ միշտ առաջնորդվում է «բոլորը հավասար են» սկզբունքով, ընդգծում է դասաժամի ընթացքում հոգեբանի ներկայության անհրաժեշտությունը:

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինեն, սակայն յուրաքանչյուր ուսուցիչ չէ, որ կարող է համատեղել դասի որակն ու արդյունավետությունը եւ ներառական երեխաների հետ աշխատանքը: Ուսումնասիրելով եվրոպական փորձը՝ կարելի է վերանայել ներառական կրթության ուսուցման մեթոդները եւ ավելի շատ ներգրավել հատուկ մասնագետների»,- հավելում է նա: Կրթությանն առնչվող խնդիրները պարբերաբար քննարկման կարիք են ունենում, որը պետք է քննարկվի դպրոցի մանկավարժների եւ հատուկ մանկավարժական աջակցության թիմի անդամների հետ համատեղ։ Արդյունքն էլ կլինի այն, որ հնարավորինս շուտ լուծումներ կգտնվեն:

Շատ կարեւոր է, որ ուսումնական ծրագրերը լինեն բավարար չափով ճկուն, եւ ուսուցիչներին տրվի դրանք երեխաների անհատական կարիքներին համապատասխանեցնելու, լուծումներ գտնելու հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուր երեխա ստանա իր կարիքներին եւ կարողություններին համապատասխան կրթություն։
Դպրոցը մասնակցում է Կենտրոնական ազգային ինստիտուտի «Ինֆորմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի, «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» հ/կ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» ծրագրի հայաստանյան մրցույթին: Ծրագրի շրջանակներում դպրոցի LIGHT & HOPE թիմը ներկայացրեց ALL FOR INCLUSIVE EDUCATION հավելվածը, որը նպատակաուղղված էր ներառական կրթության մեջ ընդգրկված կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների արդյունավետ ուսուցմանը:

Նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արեւիկն էլ, որը մեծ ոգեւորությամբ պատմելով հավելվածի մասին, ասում է՝ այն շատ օգտակար կլինի կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների արդյունավետ ուսուցման համար: Այն կարող են օգտագործել ոչ միայն աշակերտները, այլեւ ծնողներն ու ուսուցիչները: Հավելվածի օգնությամբ երեխաները կարող են սովորել ճիշտ արտաբերել հայերեն եւ անգլերեն տառերը, թվերը, ինչպես նաեւ տարբերել երկրաչափական պատկերներն ու գույները:

 

ՍՈՆԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Առավոտ»

19.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031