Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ճանաչել Աստծուն եւ ով կարող է դա անել

Մայիս 20,2017 13:00

Դուք հավանաբար հանդիպել եք մարդկանց, ովքեր ասում են՝ «Աստված միշտ ինձ հետ է»: Միգուցե դուք էլ եք այդպես մտածում: Եթե Աստված մարդու հետ է, ապա մարդը պետք է որ Աստծուն ճանաչի: Այդպես չէ՞: Հիմա եկեք տեսնենք, թե մենք ո՞ր դեպքում կարող ենք Աստծուն ճանաչել, որ դեպքում՝ ոչ: Եվ որտեղ է Աստված եւ որտեղ ենք մենք: Արդյո՞ք դու քո դուռը բացել ես Աստծո առաջ, որպեսզի նա իսկապես քեզ հետ լինի:

Հովհաննես Ավետարանիչը մեզ գրում է, որ մենք Աստծուն կարող ենք ճանաչել միայն այն դեպքում, երբ պահում ենք իր պատվիրանները: Հակառակ դեպքում, մեր զգացողությունը, թե մենք Աստուծո հետ ենք, սուտ է, ու իրականությանը չի համապատասխանում: Այս սուտը առաջին հերթին հենց մեզ է վնասում ու ի վերջո՝ հուսահատության գիրկը հասցնում, որն էլ հենց չարի նպատակն է: Որովհետեւ մարդն Աստծուց ունի սպասելիքներ, խնդրանքներ ու աղաչանքներ, ու չի հասկանում, թե դրանք ինչու չեն կատարվում կամ իրականանում:

Անհնար է Աստծուն ճանաչել, եթե դու չես պահում նրա պատվիրանները: Շատերն ասում են՝ «Աստված միշտ ինձ հետ է», բայց ապրում են անօրեն կյանքով: Դու Քրիստոսին ճանաչում ես միայն այն ժամանակ, երբ պահում ես նրա պատվիրանները: Հիշեք Հովհաննես առաքյալի այս խոսքը, թե՝ «Ով ասում է, թէ՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատուիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մէջ ճշմարտութիւն չկա» (Ա. Հովհ. 2:4): Տեսնո՞ւմ եք ինչ խիստ խոսքեր են: Ուրեմն, եթե Քրիստոսի հետեւորդն ամեն օր չի ձգտում սրբանալ, ապա նա սխալ ճանապարհով է գնում: Մի զարմացեք, երբ Տեր Հիսուսն ասում է, թե դատաստանի օրը շատերն իրեն պիտի ասեն՝ «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում» (Մտ 7:22,23): Ինչո՞ւ ենք մենք Աստծուն ճանաչում միայն այն ժամանակ, երբ կատարում ենք իր պատվիրանները: Որովհետեւ մենք ապրում ենք այս աշխարհում ու եթե մենք մտածենք ու գործենք այս աշխարհի ձեւերով, ապա Տեր Հիսուսն ասաց, որ մենք չենք կարող ընդունել «Ճշմարտութեան Հոգին»: Չենք կարող ընդունել, որովհետեւ մեղքերի մեջ մնալով՝ ոչ կարող ենք նրան տեսնել, ոչ էլ ճանաչել: Բայց Աստուծո Հոգին կբնակվի միայն նրանց մոտ, ովքեր ճանաչում են նրան: Եվ ինչպես քիչ առաջ տեսանք, Աստծուն ճանչում են միայն նրանք, ովքեր պահում են իր պատվիրանները:

Երբ որ դու իսկապես սկսում ես ապրել պատվիրաններով, որը նշանակում է խոնարհվել, համբերել, սիրել Աստծուն ու մերձավորին, ուրանալ քո սեփական անձը, ամեն օր հոժարակամ կրել քո խաչը, ապա դու սկսում ես փոխվել: Երբ դու կարող ես վերցնել մի բան, բայց չես վերցնում, մտածելով, որ դա բարի չէ մեկ ուրիշի կամ հենց քո սեփական անձի նկատմամբ ու պատվիրանով չի, ապա դու սկսում ես ուրիշ մարդ դառնալ: Եվ երբ որ դու այսպես սկսում ես փոխվել, ապա դու ավելի լայն ես բաց անում այն դուռը, որի մյուս կողմում մեր Փրկիչը կանգնած թակում է, թե՝ «Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ» (Յյտ 3:20):

Սիրելի բարեկամ, եթե նեղ ու լեն օրերին մտածում ես, որ Աստված քեզ հետ է ու ճանաչում ես նրան, ապա հարց տուր ինքդ քեզ, թե որքանո՞վ ես դու հարգում իր խոսքը, որքանո՞վ ես դու սիրում իրեն, որքանո՞վ ես դու պահում իր պատվիրանները ու ի՞նչ հեղինակություն ունեն դրանք քեզ համար: Երբ որ վերաիմաստավորես այս հարցերի պատասխանը, ապա քեզ համար մի նոր ճանապարհ կբացվի, որի վրայով թերեւս ուզենաս վազել դեպի Քրիստոսը, դեպի քո հավիտենական կյանքը:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

19.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031