Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալն ու գալիքը` միահյուսված. (Ֆոտոշարք)

Մայիս 19,2017 21:07

Ես Կարնո աշխարհի ծնունդ եմ, էրզրումցու կերպարով եւ բարբառով նկարիչ Վիկտորն եմ. մեզ հետ զրույցում այսպես իրեն բնութագրեց գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը, որի երրորդ անհատական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում:

Գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը, որի ոգեշնչման աղբյուրն առաջին հերթին դասական երաժշտությունն է, այնուհետեւ բնաշխարհը, մարդը, երեւույթները, փողոցում քայլելիս ամեն վայրկյան կարող է ներշնչվել. «Օրվա ընթացքում, եթե տպավորվում եմ որեւէ բանով, հաջորդ առավոտ արդեն նկարը պետք է ստեղծվի` դասական երաժշտության ներքո: Հայաստան աշխարհն իմ ներշնչման ակունքն է: Ես, լինելով էրզրումցի, նախնյացս երկիրը տեղափոխում եմ իմ մեջ եւ ապրում եմ այդ աշխարհում»:

Վիկտոր Հովհաննիսյանը երեք-չորս տարին մեկ անգամ հանդես է գալիս ցուցահանդեսով, ըստ նրա, եթե նկարիչն ասելիք չունի, չպետք է ներկայանա ցուցահանդեսով. «Ամեն անգամ ինքս ինձ հաշվետվություն եմ տալիս, թե ինչու եմ ներկայացնում աշխատանքներս: Նկարիչն ամեն օր պետք է նկարի, ես ամեն առավոտ արթնանում եմ եւ գիտեմ, որ պետք է բարձրանամ արվեստանոց` նկարելու: Միշտ էլ պետք է եղածի վրա ամեն օր բարձրանալ, այլապես առաջընթաց չես ունենա»:

Նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանն ազգային թեմայով շատ աշխատանքներ ունի, որոնց նպատակը հային ասելն է` մի մոռացիր անցյալդ, որպեսզի գալիքդ լինի ամուր եւ պայծառ: Գեղանկարչի խոսքերով` իր գործերում նախընտրելի գույնը պայծառությունն է, որը տրամադրություն փոխանցող է. «Եթե անգամ վիշտ ես նկարում, նայողը ոչ թե պետք է լացի, այլ զգա վիշտը եւ լավ տրամադրվի մեկ այլ բանի համար: Արվեստը պետք է ծառայի մարդուն, պետք է նրան շոյել, հետո նոր թաքնված ասելիքը վեր հանել, որպեսզի մարդը դիմանա այդ դժվարությանը եւ նկարչի հետ շարունակի պայքարել այն նպատակի համար, որը նկարիչն ունի»:

Ներկաները համակ ուշադրությամբ դիտում էին գեղանկարչի աշխատանքները. «Ես շատ մեծ էներգիա եմ ստացել ցուցահանդեսից, ցանկացած նկարի մոտենում ես, եւ այն ապրեցնում է, նկարչի արարչական վրձնի էներգիան փոխանցվում է մեզ, բոլորս այս ցուցահանդեսից հարստացած ենք գնալու: Վիկտորի նկարչությունը նաեւ յուրահատուկ բանաստեղծություն է, նրա բոլոր նկարները խոսուն են: Օրինակ` մի նկար ունի, որին նայում եմ այսպիսի միտք է արտահայտում` մենք գնում ենք, իսկ դուք գալի՞ս եք: Ցանկացած նայող կարող է իր մեկնությունը տալ, թե դեպի ուր. Արեւմտյան Հայաստան, դեպի Մասիս, դեպի հավերժություն, թե՞… այսպիսի հարցադրումներ ունի, որոնց միջոցով նկարիչն առանց իր ներկայության, էներգիան եւ ստեղծագործական ունակությունները տալով նկարին, քեզ հետ խոսում է»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Մաճկալյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են գեղանկարչի` վերջին չորս տարիների աշխատանքները:

«Տպավորություններս շատ վառ են, Վիկտոր Հովհաննիսյանը հետաքրքրիր կոլորիտ եւ շատ խորքային մտածողություն ունեցող նկարիչ է, այս ցուցահանդեսը պետք է երկար ժամանակ նայել, հասկանալ: Կան աշխատանքներ, որոնց մեջ ուզում եմ խորանալ: Ցուցադրված են նաեւ հետաքրքիր կոմպոզիցիոն գործեր, նա եւ՛ բնության մեջ է, եւ՛ բնությունից դուրս»,- հավելեց ծաղրանկարիչ Արզօն:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի 17-ը։

Մերի ԻՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031