«Երբ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն էր վարում, երբ թուրքերը մեզ գոլ էին խփում, ինքը ցնծության մեջ էր ընկնում, երբ Թուրքիայի նախագահին հրավիրում էր Հայաստան, ասում առանց նախապայմանների սահմանները բացեք, պատմաբանների հանձնաժողով էր ուզում ստեղծել, դավաճանական ինչ մոտեցումներ էր առաջ բերում, ծպտուն չէին հանում՝ ոչ դաշնակցականները, ոչ հանրապետականները, իսկ երբ մենք Արցախի կարգավորման մասին ենք խոսում, մի վայնասուն են բարձրացնում աշխարհով մեկ, թե վայ ասացին: Ի՞նչ ասացին, իսկ ասածը խորքից լսե՞լ եք, հասկացե՞լ եք, եթե հասկանաք,իսկ բարձր արժեքները շատ դժվար է խորքից հասկանալ, մակերեսային մարդիկ ի զորու չեն բարձր արժեքները միանգամից հասկանալ, դրա համար այսպիսի թյուրիմացություն է սկսվել»,- նման կարծիք Аravot.am-ին հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ելույթում տեղ գտած ՀԱԿ առաջնորդին ուղղված ակնարկին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես ասել էր. «Այսօր պիտի անդրադառնամ և հստակություն մտցնեմ միայն նախընտրական շրջանում հնչեցված մի քանի մտքերի շուրջ, որոնք, իմ կարծիքով, անպատասխան թողնել չի կարելի, քանի որ դրանք կարող են սխալ մտայնությունների ձևավորման պատճառ դառնալ մեր հասարակության մեջ։ Հասկանալի է, որ նախընտրական քարոզչության շրջանում, երբ քաղաքական ուժերը նպատակ ունեն բոլոր միջոցներով հնարավորինս բարձրացնել իրենց վարկանիշը ընտրողների շրջանում, կարող է շահարկվել և հաճախ էլ շահարկվում է գրեթե ամեն ինչ։ Այս անգամ Արցախի հիմնախնդիրն էլ չմնաց չշահարկված։
Նախ` փորձ կատարվեց վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, չստացվեց։ Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ»:
Վարդան Մալխասյանի խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ ասել էր նախընտրական քարոզչության ընթացքում, ասել է նաեւ 1998 թվականին եւ այդ հարցի մասին խոսելը վարկանիշ բարձրացնելու խնդիր ամենեւին չէր կարող դառնալ. «Ասել է նաեւ իր՝ նախագահ եղած տարիներին էլ, այդ կոնցեպտը միշտ ունեցել է, որ մենք մեր բարեկամների հետ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատենք, որ երկիրը կարողանա զարգանալ: Առկախված հարցը չթողնել, հարցը մտցնել օրակարգ, որ լուծումը գտնենք… բայց երբեք Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ասել՝ պետք է հանձնենք յոթ շրջան, իսկ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն մեզ, բազմաթիվ վայրերում, ռուսական հեռուստաալիքներով հարցազրույց տվեց՝ ասելով, որ պատրաստ է յոթ շրջան վերադարձնել…բնական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածները չի կարող համընկնել Սերժ Սարգսյանի ասածներին, բացի այդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդիրը լուծողը չէ, խնդիրը լուծողը Սերժ Սարգսյանն է՝ իր նազիր-վեզիրներով, Սերժ Սարգսյանի ասածները հակահայ մոտեցումներ են, նման մոտեցումներ մենք չենք ասել ու չենք ասելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ