Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդագրագետը կասկածում է, որ 2040-ին նախագահի ասած՝ 4 մլն բնակչությունը կունենանք

Մայիս 19,2017 20:03

Երեկ Ազգային Ժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում ուշագրավ հայտարարություն է արել: Նա անդրադառնալով մեր երկրի ժողովրդագրական խնդրին, ասել է. «Նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ եւ անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:

Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում, եւ 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում եւ իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին եւ հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»:
Արդյոք հնարավոր է մոտ 20 տարի հետո հասնել 4 միլիոն բնակչության, արտագաղթի կանխում, եւ օտար երկրներից մեր հայրենակիցների վերադարձ:

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝  որպեսզի մեր երկրում առկա ժողովրդագրական խնդիրները լուծվեն, անհրաժեշտ է արմատական, հեղափոխական փոփոխություններ են հարկավոր, որպեսզի այդ խնդիրները լուծվեն, հարկավոր է տարեկան 10 %  տնտեսական աճ ունենալ:

Պարոն Եգանյանի խոսքերով՝ ժողովրդագրության անկման պատճառները շատ են եւ բազմազան՝ սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական, իրավական, քաղաքական եւ այլ:

4 միլիոն բնակչության ցուցանիշի մասին էլ պարոն Եգանյանն ասաց,  որ անհասկանալի է, թե ով է այդ թիվը գրել, փորձագետը վստահ է՝ դժվար թե դա նախագահն է գրել:

Ինչ վերաբերում է արտագաղթի կանխմանն ու մեր հայրենակիցների վերադարձին, փորձագետն ասաց. «Սոցիալական միջավայրն այնքան պետք է առողջանա, որ մարդն իրեն ապահով զգա, այնպիսի պայմաններ պետք է ստեղծեն, որ մարդը ցանկություն ունենա վերադառնալ ու ապրել երազային պայմաններում»:

Անհավասարություն, անարդարություն, աղքատություն, ցածր եկամուտ եւ բազմաթիվ այլ պատճառներ են կանխորոշում արտագաղթը: Եգանյանի խոսքերով՝ «Մարդիկ գնում են, որովհետեւ աշխատանքը վաստակ, նորմալ եկամուտ չի ապահովում: Մարդն իրեն այստեղ ապահով չի զգում, այստեղ իր երեխաների ապագան չի տեսնում: Քաղաքական անկայուն իրավիճակ է, մարդիկ չգիտեն՝ ի՞նչ զարգացումներ ու հետեւանքներ կարող են լինել, սա նույնպես գործոն է»:

Ռուբեն Եգանյանը նկատեց՝ «Այսօր մի ձգող գործոն կա՝ հայրենասիրությունը,  որը վերջին 20 տարիների ընթացքում այդ գաղափարն էլ այնքան է արժեզրկվել,  որ հույս ունենալ, թե դա կարող է ունենալ ծանրակշիռ գործոն, ես չեմ պատկերացնում:

Դուրս գնացածներն էլ մեծ բարդություններով մի կերպ այլ երկրներում հարմարվել են, իրենց պայմաններից կրկնակի անգամ լավ պայմաններ պետք է առաջարկվեն, եւ առաջարկը պետք է լինի ոչ թե այս պահին, այլ գոնե 20 տարվա հեռանկարով ու անպայման երաշխավորված: Այդ դեպքում էլ մարդը 10 անգամ կմտածի՝ վերադառնալուց առաջ»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ ոչ պատերազմ, ոչ՝ խաղաղություն իրավիճակն ինչպե՞ս է ազդում ժողովրդագրական խնդիրների վրա, պարոն Եգանյանն այսպես պատասխանեց. «Այդ իրավիճակը մեծ ազդեցություն ունի. մարդն ուզում է կյանքի երաշխավորված, որոշակի հեռանկար ունենալ, որպեսզի իրեն ու ընտանիքին սպառնացող վտանգները հնարավորինս քիչ լինեն: Իսկ եթե այդ վտանգները շատ են եւ անհայտ է, թե ինչի կարող են հանգեցնել, մարդը, իր հայրենիքում բացի այն, որ ապահով չէ, նաեւ իր ապագան չի կապի»:

Ռուբեն Եգանյանը  նշեց՝ մեր երկրում եւ կյանքում հեղափոխական վերակառուցում  է հարկավոր. «Բայց եթե անգամ դա հնարավոր է, եթե անգամ դա լինի, այդ դեպքում էլ չեմ կարող երաշխավորել, որ այդ թիվը՝ 4 միլիոն այդ  կանխատեսումն իրականություն կդառնա»:

Պարոն Եգանյանը նաեւ նկատեց՝ եթե իշխանությունները մտադրություն ունեն իսկապես լուծել ժողովրդագրական խնդիրները, արտագաղթը, դրա համար ահռելի ջանքեր ու ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031