Արմեն Աշոտյանի թեկնածությունն է ՀՀԿ-ն առաջադրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նրան հարցրեց. «Ես 5 տարի եղել եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, մի տեսակ ձեր կերպարն ինձ համար այդ պաշտոնի հետ անհամատեղելի է»:
Նա ասաց, որ Աշոտյանը ընդդիմախոսների նկատմամբ անհանդուրժող է, ճիշտ է, եղել է ՀՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատուն, բայց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը ՀՀԿ-ի արտաքին հարաբերությունները վարող մարմին չէ, հանձնաժողովը ներկայացնում է խորհրդարանին. «Եթե ես ձեզ համեմատում եմ Արտակ Զաքարյանի հետ, բավականին լուրջ տարբերություններ կան»:
Մարուքյանը վստահ չէ, որ Աշոտյանի հետ կարող են աշխատել. «Խորը կասկածներ ունեմ, որ դուք կկարողանաք այդ հանձնաժողովը ղեկավարել»:
Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Երբ որ ես բժիշկ էի, 2005-ին մտա խորհրդարան, շատերն ասում էին՝ ինչ գործ ունի բժիշկը քաղաքականության հետ, այսօր տեսնում եք բժիշկներն ինչ բարձունքների են հասնում քաղաքականության մեջ: Երբ որ դառնում էի ԿԳ նախարար, ասում էիք՝ բժիշկն ինչ գործ ունի կրթության նախարար դառնա, այսօր էլ դուք այս ամբիոնից ինձ ասացիք Կրթության նախարար: Երբ որ նախարար էի, մտնում էի ֆեյսբուք, 2009-ին ձեր գործընկերներից մեկն ասում էր՝ ձեզ լրջանալ է պետք, պարոն Աշոտյան, ինչ գործ ունեք ֆեյսբուքներում, այսօր հացը ձեռիցս տարել է այդ գործընկերը»:
Ինչ վերաբերում է իրեն Արտակ Զաքարյանի հետ համեմատելուն՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ երբեք երկու տարբեր մարդկանց չի համեմատում. «Օրինակ, երբեք ձեզ չեմ համեմատի Նիկոլ Փաշինյանի հետ, որ հասկանամ՝ ինչու նա դարձավ ֆրակցիայի ղեկավար, դուք՝ ոչ: Ձեր քաղաքական որոշումն է: Մեր քաղաքական որոշումն է եղել ներկայացնել ինձ՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ