Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Արցախի շփման գծում լարվածության վերաբերյալ, գրում է ԱՊԱ-ն:
Մասնավորապես, Հաջիևն ասել է, որ 2017թ. մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը «ստանդարտ հայտարարություն» է: Ադրբեջանի ԱԳՆ-ին վրդովեցրել է, որ համանախագահները խոսել են միայն կրակի դադարեցման խախտումներից և չեն անդրադարձել Բերձորի (Լաչին) «օկուպացմանը» և չեն դատապարտել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը:
«Չնայած այն բանին, որ այսօր լրանում է Լաչինի շրջանի օկուպացման 25-րդ տարին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դա չեն հիշատակել իրենց հայտարարության մեջ, ինչը անարդար և ոչ օբյեկտիվ մոտեցում է»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ