ԱԺ-ում կլինի 9 մշտական հանձնաժողով, ինչպես առաջարկել էր ՀՀԿ-ն: Այդ մասին ՀՀԿ-ի նախագիծն այսօր ԱԺ-ում դրվեց քվեարկության եւ ընդունվեց 64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Ելքի» առաջարկին, որ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը պետք է պահել՝ կողմ քվեարկեց 30 պատգամավոր, այն չընդունվեց:
ՀՀԿ խմբակցությունը առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկեց Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:
«Ծառուկյան» դաշինքը Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, որը 2009-ից այդ հանձնաժողովը նախագահում է:
ՀՀԿ-ն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում առաջարկեց Արմեն Աշոտյանին, որը 3 գումարման ԱԺ-ի պատգամավոր է, կասկածամիտներին Վահրամ Բաղդասարյանը հորդորեց ուսումնասիրել Աշոտյանի կենսագրությունը:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվեց Կորյուն Նահապետյանի թեկնածությունը:
«Ծառուկյան» դաշինքը գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկեց Վարդան Բոստանջյանի թեկնածությունը:
ՀՀԿ-ն պետա-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում է տեսնում Հրայր Թովմասյանին:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկեց Խոսրով Հարությունյանի թեկնածությունը:
«Ծառուկյան» դաշինքը տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վարդեւան Գրիգորյանին:
Վերջին թեկնածուն Գագիկ Մինասյանն է, որը կլինի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ