Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ ես նոր էի ընտրվել, ինձ ասում էին՝ դու error ես, նախատեսված չես եղել». Էդմոն Մարուքյան

Մայիս 19,2017 16:40

ԱԺ հանձնաժողովների թվի հարցն է քննարկվում ԱԺ-ում: «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ երբ Տարածքային կառավարման նախարարությունն ու ԱԻՆ-ը առանձնացնում էին, ՀՀԿ-ն հիմնավորում էր, թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են դա անում, իսկ հիմա երբ ասում են՝ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը չկրճատել, ասում են՝ պաշտո՞ն եք ուզում. «Երեւի մոռացել եք, բայց մենք չենք մոռացել, մենք այստեղ ենք, որ հիշեցնենք»:

Մարուքյանն ասաց, որ այո, իրենք իրենց շահերն են պաշտպանում, եթե ընդդիմությունն ինքն իր շահերը չկարողանա պաշտպանել, բա ՀՀ քաղաքացիների շահը ո՞նց պետք է պաշտպանեն. «Ասում եք՝ պաշտոն եք խնդրում: Մենք որեւէ մեկից որեւէ բան չենք խնդրում: Մենք Դոնթի բանաձեւով մեզ հասանելիքն ենք պաշտպանում: Դոնթի բանաձեւով, եթե 10 հանձնաժողով լինի, մեկը պիտի տաք «Ելքին», եթե 9 լինի՝ չի հասնում: Ինչո՞ւ ոչ 8, որովհետեւ ՀՀԿ-ի մի հանձնաժողովը նվազում է, դառնում է 5, իսկ ԲՀԿ-ինը մնում է 3, դրա համար դուք չեք ուզում, որ լինի 8, որ ձեր մի մարդուն ավել պաշտոն տաք: Հիմա ո՞վ էր պաշտոնից խոսում, կարո՞ղ եք ասել, որ հիմա ում տալիս եք այդ պաշտոնը, հրաժարվում է մեքենայից կամ իր աշխատավարձը մանկատներին է փոխանցելու»:

Մարուքյանը վստահեցրեց, որ «Ելքին» որ հանձնաժողովն էլ տան, «Ելքը» իր վրա դրված բեռը կկատարի պատվով, իսկ թե ով կկատարի, ոնց կկատարի, ՀՀԿ-ի սիրելի բժիշկները, որոնք նախկինում ԿԳ նախարար են աշխատել, թող չմտահոգվեն: Ակնհայտորեն նա նկատի ուներ Արմեն Աշոտյանին, որի անունը չտվեց: ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը Մարուքյանին օգնության կարգով ասաց. «Անուն տալուց հետո որեւիցե մեկն իրավունք չունի պատասխանել, ինչքան ուզում եք՝ անուն տվեք»: Մարուքյանն ասաց, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչների անուններով չի համեմի իր խոսքը:

Էդմոն Մարուքյանը հիշեց. «5-րդ գումարման ԱԺ-ում, երբ որ ես նոր էի ընտրվել, ինձ ասում էին՝ դու error ես, նախատեսված չես եղել, հայտնվել ես խորհրդարանում: Մի իրավիճակ էր, որ ես չէի կարող մի քանի հանձնաժողովներում աշխատել, ընդունվեց ԱԺ կանոնակարգ օրենք իմ լոբբինգով, որ մի պատգամավորը կարող է 2-3 հանձնաժողովում աշխատի: Այն ժամանակ ՀՅԴ-ն ուներ 5 մանդատ եւ 3-ական հնարավորություն տրվեց, 12 հանձնաժողով փակվեց»: Հիմա էլ նա առաջարկեց, որ մի պատգամավորը պետք է հնարավորություն ունենա աշխատելու մի քանի հանձնաժողովներում, բայց դա հիմք չպետք է հանդիսանա Մարդու իրավունքների հանձնաժողովը փակել:

Էդմոն Մարուքյանը հեգնեց ՀՀԿ-ականներին, որոնք երեկ ասում էին, թե ժողովուրդը որոշել է ով պետք է լինի ԱԺ նախագահը: Ըստ նրա, ինչ վատ որոշում ունեն՝ ժողովրդի վրա են գցում, հիմա էլ կասեն, թե ժողովուրդը որոշել է Մարդու իրավունքների հանձնաժողովը փակել. «Ժողովուրդը երեկ որոշել է ՊԵԿ-ից 487 հոգու կրճատի, էդ էլ է երեւի ժողովուրդը որոշել, որովհետեւ 49 տոկոս ձայն եք հավաքել, դրանով եք ուզում արդարացնել»:

Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ կա քաղաքական որոշում՝ այնպես անել, որ «Ելք» խմբակցությունը չունենա հանձնաժողով. «ՀՀԿ նախագիծն ամբողջությամբ հակասության մեջ է մտնում երեկ այստեղից հնչեցված ՀՀ նախագահի ելույթի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031