Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է վարսահարդարի մասնագիտությունն ավելի ցանկալի, քան արվեստաբանինը

Մայիս 19,2017 16:11

Արվեստաբան Արաքս Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ շփվել է 3 ավագ դպրոցների շրջանավարտների հետ ու զարմացել: «Շրջանավարտների մոտ ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնագետները վարսահարդարն ու մատնահարդարն են, այնուհետեւ դերասանը (անպայման սերիալում նկարահանվող), ապա ծրագրավորողն ու դիզայները: Երբ ներկայացնում եմ արվեստաբանի մասնագիտությունը, հաջորդում է հարցը. «Մեջը փող կա՞»: Շատ փողասեր ու անգրագետ սերունդ է մեծանում»,- գրել էր տիկին Մարգարյանը:

Ի պատասխան՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և արվեստաբանական բաժնի հիմնադիր Լեւոն Չուգասզյանը գրել էր . «Կարծում եմ, որ հասարակությունը տեղեկացված չէ արվեստաբանի մասնագիտության առավելությունների մասին: Մենք տարիներ շարունակ արտասահմանյան բուհերն ենք ուղարկում մեր լավ ուսանողներին, որոշ ժամանակ նաեւ այնտեղ սովորելու համար, բայց հասարակությունը քիչ է տեղեկացված նաեւ այս մասին»: Պարոն Չուգասզյանը շեշտել էր. «Արվեստաբանի մասնագիտության մեջ էլ փող կա, քանի որ վաղ թե ուշ Հայաստանում տարածում են գտնելու փոքր պատկերասրահ-խանութները, որոնք պետք է արտասահմանցիներին վաճառեն ժամանակակից հայ բազմաթիվ նկարիչների աշխատանքները»:

Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված նկարիչ Հաղթանակ Շահումյանը կարծիք հայտնեց, որ այն, ինչ ժամանակի համար հետաքրքիր նյութ է դառնում, գումար էլ կբերի: «Ցավոք, մեր իրականությունն արվեստից բավականին հեռացել է, արվեստ ասելով այսօր հասկանում են շոուները, թռվռալը…Լուրջ արվեստի մասին խոսողին մի տեսակ խելառի տեղ են դնում: Ինչ վերաբերում է արվեստաբանությանը, ժամանակին կային խոշոր արվեստաբաններ, Դրամփյանը ու մի քանիսը, այսօր էլ կան որոշ նվիրյալներ… ՀՀ նկարիչների միությունում կար արվեստաբանական բաժանմունք, որտեղ մեր լավագույն արվեստաբաններն էին ներկայացված: Նրանք նկարիչների մասին պարտադիր հոդվածներ էին գրում, մեր ցուցահանդեսների առիթով վերլուծություններ էին կատարում, ելույթներ էին ունենում, եւ դրանից հետո գնում էին քննարկումները եւ արվեստաբանների եւ արվեստի մարդկանց: Դա զարգացման յուրատեսակ ուղի էր: Հիմա նման բան չկա, չգիտեմ` այդ բաժանմունքը գործո՞ւմ է, թե՞ ոչ, կամ եթե կա` ինչո՞վ է զբաղվում: Այսօր համաշխարհային արվեստաբանական միջավայրը զարգանում է ցուցասրահներին զուգահեռ, դիլլերներ կան, որոնք արվեստի տարածմամբ եւ վաճառքով են զբաղվում, մենք չունենք այդպիսի մարդիկ»:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը Aravot.am-ին հայտնեց, որ չի կարծում, թե արվեստաբանի մասնագիտության հանդեպ հետաքրքրության պակաս կա: «Չէի ասի, թե երիտասարդ սերունդը հետաքրքրված չէ, հենց այն պատճառով, որ Չուգասզյանի ղեկավարած ամբիոնում ամեն կուրսում 50-60 ուսանող կա, եւ դա քիչ չէ: Մինչդեռ ժամանակին, երբ ես Մոսկվայում սովորում էի, ընդամենը 25 տեղ էր հատկացված արվեստագիտությանը: Հիմա Չուգասզյանի մոտ կա, Գեղարվեստի ակադեմիայում կա, Մանկավարժական համալսարանում կա…»,-հավելեց պարոն Աղասյանը: Նրա ձեւակերպմամբ, այդքան շատ արվեստաբաններ պետք չեն, քանի որ քանակը միշտ չէ, որ որակի է վերածվում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` caricaturesbyjoel.blogspot.am-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031