Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Առաջին Տաթևիկ» համերգ-ներկայացմանը։ Նախագիծը նվիրված է ճանաչված օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ ընտրված է համերգ-ներկայացման շատ հետաքրքիր ծրագիր։ Մայիսի 20-ին կներկայացվի այն երկացանկը, որ իր կյանքի ընթացքում կատարել է Տաթևիկ Սազանդարյանը՝ Սպենդիարյանի, Հարությունյանի, Վերդիի, Պուչչինիի և այլ կոմպոզիտորների գործերից։ Լավագույն օպերաների արիաները հնչելու են երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և օպերային թատրոնի մեներգիչների կողմից։ Աննա Տեր-Հովակիմյանը հույս հայտնեց, որ հոբելյանական համերգ-ներկայացման ձևաչափը, որ առաջին անգամ է մեզ մոտ ներկայացվելու, մեծ ընդունելություն կգտնի հանդիսատեսի կողմից։
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ նվիրված երգչուհու հոբելյանին՝ հեռուստահաղորդում, մեներգիչների հանրապետական մրցույթ, նամականիշի թողարկում։ Բացի այդ, թվայնացվել է երգչուհու՝ ոսկե ֆոնդերում պահպանվող մշակութային ժառանգությունը։
Համերգ-ներկայացման կազմակերպիչ Տաթևիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ մայիսի 20-ին օպերային թատրոնի ճեմասրահում կցուցադրվեն Տաթևիկ Սազանդարյանի անձնական լուսանկարները։ Երեկոյի ընթացքում ելույթ են ունենալու երգչուհու աշակերտները, հայտնի այլ մեներգիչներ։
Նշենք, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին