Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր վարչապետի խոսքով ասեմ՝ դոմփելով գնում եք». Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականներին

Մայիս 19,2017 15:27

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների թվի հարցը: ՀՀԿ-ն առաջարկում է 12-ի փոխարեն այս ԱԺ-ում ունենալ 9 հանձնաժողով, «Ելքը» գտնում է, որ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը չպետք է կրճատել, ուստի հանձնաժողովների թիվը պետք է լինի 10:

ՀՀԿ պատգամավոր, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, որպես հիմնավորում, ասաց, որ Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողով էլ չկա, բայց դա չի նշանակում, որ երեխաների իրավունքները պակաս կարեւոր են մեզ համար, քան մնացած ոլորտները:

«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը ՀՀԿ-ականներին հարց ուղղեց՝ ինչո՞ւ են «Ելքին» ուզում զրկել հանձնաժողով ունենալու իրավունքից, ինչի՞ց են վախենում. «Ես ուզում եմ հասկանալ, լավ, նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, ԱԺ նախագահը ձերն է, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ի՞նչ է անելու «Ելք» դաշինքը, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը իրենը լինի: Ի՞նչ խնդիր կա: Իմ կարծիքով, բացարձակ որեւէ խնդիր չկա ու պետք չի 6 ամիս հետո թողել: Ասել՝ հիմա որոշենք, 6 ամիս հետո կնայենք, տղերք, ձեզ լավ պահեք, 6 ամիս հետո կտանք: Խնդիրը մերը լինելունը չի, բայց չէ՞ որ ասում եք, որ էս նոր խորհրդարան է, նոր խորհրդարանում նոր հիմքեր, տրադիցիաներ պիտի դնեն, որ ախպոր պես պիտի աշխատենք, այ Հանրապետական ախպերներ ջան: Ձեր նախագահն էլ էր էդ ասում, որ միշտ չի, որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության կարծիքն էլ պիտի հաշվի առնենք, էդ էլ էր ասվում: Բերում ենք հաշվի հանձնաժողովի խնդիրը, ասում եք՝ մենք շատ ենք, պիտի էս ձեւ լինի, առաջարկում ենք թեկնածու, ասում եք՝ ի՞նչ հիմք, մեծամասնությունը մենք ենք, դուք թեկնածո՞ւ ունենաք: Դոնթի բանաձեւը օրինակ դարձրած՝ ձեր վարչապետի խոսքով ասեմ՝ դոմփելով գնում եք: Է հետո՞, ո՞ւր եք հասնելու էդ դոմփելով: Ի՞նչ է տալու դա երկրին, ինչ-որ բա՞ն է փոփոխելու»:

Ըստ Արամ Սարգսյանի, ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որ համոզի, որ քանի որ մեծամասնություն են, մյուսները ավելորդ են, իզուր էլ գալիս են. «Դուք ոնց ուզեք՝ դուք եք որոշողը ու որոշումն էլ ձերն է լինելու»:

Հետո Արամ Սարգսյանն ասաց. «Եթե ուզում եք շենք կառուցել, առավել եւս, երբ այդ շենքի հիմքերը վատ է լցրած, 10 հազար դրամով է լցրած, ուրեմն անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում խնդիրները շատ բարդ են լինելու»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031