Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին»

Մայիս 19,2017 15:18

Մայիսի 19-ին աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

Հանդիպմանը քննարկվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանը առնչվող մի շարք հարցեր։ Այդ համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկեցին կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրեց Հայաստանում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ԵԽԽՎ-ում ընթացող զարգացումներին և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հանդեպ վստահության վերականգման նպատակով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը։

Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ։ Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական պահանջներին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։ «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», – շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031