Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքին» չեն ուզում հանձնաժողով տալ. «Հենց առաջին նիստին ընդդիմության իրավունքները մի ոտնահարեք»

Մայիս 19,2017 14:49

ԱԺ-ում քննարկվում են ԱԺ հանձնաժողովների թիվը հաստատելու մասին նախագծերը: ՀՀԿ-ն առաջարկում է, որ հանձնաժողովների թիվը կրճատվի:

ՀՀԿ-ն առաջարկում է, որ 12 -ի փոխարեն 9 մշտական հանձնաժողով լինի: «Ելքն» առաջարկում է 10 հանձնաժողով դարձնել, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը պահել:

ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը, ներկայացնելով ՀՀԿ-ի նախագիծը, ասաց, որ առաջարկվում է մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը միավորել Պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովը միավորել սոցիալական հարցերի հանձնաժողովի հետ, տարածքային կառավարման հանձնաժողովում էլ միավորել գյուղատնտեսական եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովը:

Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովը որոշել են պահպանել: Հրայր Թովմասյանն ասաց, որ քաղաքական կոմպոնենտ կա. «Մոտ ապագայում ԵՄ-ի հետ նախատեսվում է քաղաքական խորը համագործակցության համաձայնագրի ստորագրում»:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանի համար անհասկանալի էր տրամաբանությունը. «Դուք այստեղ բացատրում եք, որ եվրոպական առաջատար պետությունների արժեքավոր փորձն եք հաշվի առել: Այդ ո՞ր եվրոպական առաջատար պետությունն է մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատում՝ ստորադասելով դրա կարեւորությունը: Դուք, ըստ էության, մարդու իրավունքների հանձնաժողովը միացրել եք պետաիրավականին, որը, ըստ էության, ամենածանրաբեռնված հանձնաժողովներից է»:

Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանը թվարկեց այն երկրները, որտեղ մարդու իրավունքների հանձնաժողով չկա՝ Ավստրիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Շվեդիա, Իտալիա, Ֆրանսիա. «Կարող եմ ասել նաեւ, թե որ երկրներն ունեն եւ այդ երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունն ինչ վիճակում է՝ Ադրբեջան, Բելառուս»: Ըստ Թովմասյանի, հանձնաժողովով չի պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանությունը տվյալ երկրում:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ քաղաքական որոշում ունի ՀՀԿ-ն, իսկ իրավական հիմնավորումը լավը չէ. Եթե Եվրոինտեգրման հանձնաժողովը չեն կրճատում, որ վատ ուղերձ չլինի ԵՄ-ին, մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատում են, որ վատ ուղե՞րձ հղեն հանրությանը: Մարուքյանը հարցրեց՝ բա ինչո՞ւ Մարդու իրավունքների պաշտպանին էլ չեն կրճատում, թող ոստիկանությունը, մյուս գերատեսչությունները մարդու իրավունքները պաշտպանեն:

Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ հանձնաժողովների գործառույթները նույնն են, բայց գործադիր իշխանությունում գերատեսչությունների գործառույթները տարբեր են, ամեն մեկը իրականացնում է իր գործառույթները:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ կա՞ հնարավորություն քաղաքական համաձայնության գալ՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Այդ սուբյեկտը, որը պետք է պատասխանի այդ հարցերին, ես չեմ, կա խմբակցության ղեկավար, բանակցությունները պետք է տարվեն նրա հետ»:

«Ելքի» նախագիծը ներկայացնելիս Էդմոն Մարուքյանը հորդորեց քվեարկել իրենց առաջարկի օգտին, ասելով, որ հակառակ դեպքում կստացվի, որ «Ելք» դաշինքին չեն ուզում հանձնաժողով տալ, իրենց է վերապահված իրավունք այդ հանձնաժողովի նախագահ ունենալ. «Հենց առաջին նիստին ընդդիմության իրավունքները մի ոտնահարեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031