Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ ո՞ւմ ցանկությունն է ինձ պաշտոնանկ անելը»․ Հովսեփ Սիմոնյանը՝ Շիրակի մարզպետի պաշտոնը լքելու խոսակցությունների մասին (Տեսանյութ)

Մայիս 19,2017 14:41

Շիրակի մարզի պաշտոնյաների շրջանակում այսօր քննարկվող ամենաառաջնային թեման դաշնակցական Հովսեփ Սիմոնյանի՝ Շիրակի մարզպետի պաշտոնում մնալ-չմնալու հարցն է։ Aravot.am-ին են դիմել բազմաթիվ պաշտոնյաներ՝ հետաքրքրվելով՝ «ճի՞շտ է, որ Հովսեփ Սիմոնյանն առաջիկայում կլքի պաշտոնը»։ Բանն այն է, որ ՀՀԿ ցուցակով առաջադրված ու խորհրդարան չանցած մի քանիսի, օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի, Մուշեղ Պետոյանի կամ Մարտուն Գրիգորյանի, այսպես ասած, ճակատագրերը դեռ անհայտ են, ու շատերը ենթադրում են, որ Շիրակի մարզպետի պաշտոնը կանցնի ՀՀԿ-ին։

Նշենք, որ ԱԺ ընտրություններից անմիջապես հետո լուրեր էին շրջանառվում, որ մարզպետի պաշտոնին հավակնում է Մարտուն Գրիգորյանը։ Օրերս էլ ակտիվացան խոսակցությունները, թե ՀՅԴ-ն մարզպետի պաշտոնը կհանձնի կուսակցությանը բավական մեծ ձայներ բերած, սակայն ԱԺ պատգամավոր չդարձած Հակոբ Մաթիլյանին։ Վերջինիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատվելու ֆոնին Շիրակի մարզպետի պաշտոնանկության հարցը դարձավ ավելի քննարկվող։

Այսօր Aravot.am-ը Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ՀՅԴ Գերագույն մարմնում եղե՞լ է քննարկում իրեն Հակոբ Մաթիլյանով փոխարինելու թեմայով ու հնարավո՞ր է ՀՅԴ-ն հրաժարվի Շիրակի մարզպետի պաշտոնից։ Հովսեփ Սիմոնյանն առաջարկեց լուրջ թեմաներից խոսել։ «Չգիտեմ՝ ո՞ւմ ցանկությունն է ինձ պաշտոնանկ անելը, բայց թե լրատվություն է, դուք ինձանից լավ գիտեք, ամեն մեկն ինչ-որ խնդիր է լուծում իր համար էս կամ էն հրապարակմամբ։ Մի բան կարող եմ ասել, որ որևէ խնդիր չկա, աշխատելու ենք միասին երկար-երկար տարիներ»,- ասաց մարզպետը։

Հովսեփ Սիմոնյանը հավաստիացրեց, որ ՀՅԴ Գերագույն մարմնում նման քննարկում չի եղել, դրանք հորինված լուրեր են։ «Չեմ էլ ուզում սրան անդրադառնալ, իրականությանը բացարձակ չեն համապատասխանում։ Գիտեք ցավ եմ ապրում նրա համար, որ կան որոշակի լուրեր, որոնց կոպիտ ասած՝ 50 տոկոսը ճիշտ է,, 50-ը ՝ սուտ է: Բայց լուրերի տեսակ կա, որ 180 աստիճան չգիտեմ հակառակ բաներ են․․․Չկա էդպիսի բան, ամեն ինչ նորմալ է, փորձեմ ինչքան որ կաշխատեմ, առաջին հերթին միասին օգտակար լինենք մեր մարզին, մեր պետությանը», -ասաց Հովսեփ Սիմոնյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031