ԱԺ նորընտիր փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատգամավորի մանդատից հրաժարված Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը եւ Արտյոմ Ծառուկյանը ինքնակամ են ընդունել այդ որոշումը: Դիմումները գրվել են երեկ և այսօր:
«Պարոն Ծառուկյանը երեկ ներկայացրեց շարժառիթները: Մարդիկ կամավոր եկել են համոզման, որ պետք է ինքնաբացարկի դիմումներ գրեն: Այդտեղ որևէ արտառոց, որևէ դետեկտիվ ժանրի բան չկա: Յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումը, բայց դա եղել է իրենց ցանկությունը: Եվ դա մի ժամում չի որոշվել, ընթացքում քննարկվում է, վերլուծվում է, բայց դրանք ներկուսակցական խնդիրներ են, թե մեր կուսակցական որ գործընկերը որ փուլում որտեղ պետք է իրականացնի իր գործունեությունը»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Հրաժարականի նոր դիմումներ կլինե՞ն, թե`ոչ, դեռ հստակ չէ. «Գործընթաց է, որ պետք է գնա: Նրանց նկատմամբ ճնշում չի եղել: Այդ ճնշում հասկացությունն այս նոր իրավիճակում… թիմ է, տասնյակ հազարավոր մարդիկ են, որ մեծ աշխատանք են կատարել և ճանապարհ են անցել մեզ հետ: Պարտադիր չի, որ անպայման մարդն իր գործունեությունն իրացնի միայն պառլամենտում: Մութ սենյակում սև կատու պետք չէ փնտրել»:
Իսկ ինչո՞ւ Իշխան Զաքարյանը չի գալիս խորհրդարան, Միքայել Մելքումյանը չպարզաբանեց: Մամուլում տեղեկություններ կան, որ Իշխան Զաքարյանը եւս պետք է հրաժարվի մանդատից, Միքայել Մելքումյանն ասում է. «Ես, իհարկե, չեմ խոսել Իշխան Զաքարյանի հետ, բայց երեկ, տեսաք, որ կուսակցության խորհրդի նիստում նստած էինք իրար կողքի»:
Ի դեպ, մանդատից հրաժարված Խաչիկ Մանուկյանին, Հարություն Կարագյոզյանին եւ Արտյոմ Ծառուկյանին ամենայն հավանականությամբ կփոխարինեն «Առաքելություն» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը, Նորա Առուստամյանը եւ Գեւորգ Պետրոսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ