Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Մայիս 19,2017 14:13

Սարմեն Ղահրամանյան

 

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:

Հյուգո

Ու պահն ինքն-իրեն էր հասունանում։ Ինքն-իրեն էր հասունանում պահը: Ու մի 30-40 հոգի հավաքվել-կային արդեն օդակայանի թռիչքահրա-պարակի մատույցներում, օդակայանի թռիչքահրապարակի մատույց-ներում մի 30-40  հոգի հավաքվել-կային արդեն, բայց թռիչքահրապարակ իրենց մուտքն անընդհատ ձգձգվում էր, արհեստականորեն անընդհատ ձգձգվում էր իրենց մուտքը թռիչքահրապարակ: Եւ բեղավոր այդ թլպատվածն աչքերը տղայից չէր հեռացնում, 30-40 հոգուն անտեսել ու ատելությամբ լի աչքերը տղային ու տղայի ընկերոջն էր հառել։ Ընկերները հետն էին, մոտիկ ընկերը-մոտը աժդահակի կեցվածքով պինդ-ազդեցիկ կանգնած էր, եւ ձմռան այդ ցրտին թեթեւ հագած-վերնաշապիկի օձիքի կոճակներն արձակել-կուրծքը բացել ու… զոքանչի կողմից հարսանիքին նվիրված ոսկե-խաչը պսպղում էր։ Պսպղում էր ոսկե-խաչը զոքանչի կողմից նվիրված, եւ ընկերոջ հայրը՝ մի անվախ, հիշոց սիրող, մի կտրուկ ու կրակոտ, աջ ու ձախ հայհոյանքներ շպրտող անձնավորություն, թուրքի հայացքն արդեն որսացել էր, որսացել էր թուրքի հայացքն իր տղային ու իր տղայի խաչին հառնված, եւ վատ բանի կանխազգացումով՝ այդ 30-40 հոգու մեջ սեփական տղայի վրա պրծավ բարձրաձայն.

– Դոշերդ փակի՛։ Չես տեսնո՞ւմ՝ թուրքն ինչպես է արնախում աչքերը խաչի՛դ հառել։

Ընկերն արհամարհաբար թուրքին նայեց ու արհամարհաբար քմծիծաղ տվեց։ Հետո շրջվեց ու տղային, թե.

– Է՛, ինչքան ուզում է, թող նայի։ Դուրը չեկավ, մի հատ էլ իր վզից կկախենք, կամ՝ հակառակը՝ իրեն խաչից կկախենք. ի՞նչ կասես:

Տղան ընկերոջը հենց սրա համար է սիրում-հարգում։ Իրար հետ են մեծացել, իրար հետ են սովորել. կռվել են, հաշտվել են, բայց նրանց ընկերությունն երբեք չի սառել։ Այս աժդահակն իրեն պահել գիտի եւ ոչ մի պայմանում սրան խեղճացնել կամ վախեցնել՝ չի լինի։ Ու մի քանի օր առաջ էր ամուսնացել եւ հայրը հենց այդ պատճառով նրանց ընկերացավ. «Երկուսիդ կողն էլ հաստ է,- ասաց,- կգնաք, կռիվ-ղալմաղալ կանեք թուրքերի հետ, նորափեսա է, կբռնեն-կտանեն, նորահարսը տանը՝ խայտառակ կլինենք»։

Իսկ ընկերոջ հարսանիքն իսկական հեքիաթի հարսանիքի նման եղավ՝ յոթ օր ու յոթ գիշեր։ Հարսը նույն հող ու ջրի աղջիկ էր, բայց նրանց գյուղը շատ հեռու էր, ճանապարհը կատաղած ու պրկված թուրքերի գյուղերի միջով կամ կողքով էր անցնում, եւ շատ մարդ «չվերցրեցին», չտարան հետները՝ վտանգավոր էր։ Տղան էր, քավորն ու քավորկինը, փեսան, ասել է, թե՝ տղայի ընկերը, ընկերոջ հայրն ու մի քանի հոգի, որ ավելի շատ այլ նպատակով էին հարսանքավորների հետ, եւ հարսանքավորներին անվնաս ուղեկցելու ու պաշտպանելու նախաձեռնու-թյունն էին ստանձնել ինքնակամ, ու տարերքի մեջ էին, եւ ամեն մի թուրքի գյուղ առանց միջադեպի ու անվնաս անցնելուց, ու ինքնաձիգները պատահած ծակուծուկերում մանրամասն թաքցնելուց ¥չլինի՞ անցակետերում թուրք օմոնականներն ու ռուս ներքին-զորայինները նկատեն) հետո, ափսոսանքով գլուխներն էին օրորում.

– Բա մի քար չե՞ն շպրտելու մեզ վրա, որ ունեցած-չունեցած մեր պահունակները ճակատներին դատարկենք։

Ու գիշերը հարսի տանը մնացին, հետո… ճանապարհները խիստ վտանգավոր էին նորահարսի անցնելիք ճանապարհի համար, եւ հետ դառան ու երկու-երեք օր էլ մնացին հարսի տանը։ Ու գինին-միսը բոլ տարի, խնամիք ուտող-խմող-լավ մարդիկ, եւ հարսանիքը, կարծես, միակողմանի հարսի տանն էր շարունակվելու, ու փեսան, որ տղայի ընկերն էր, ու գինովանալուց եւ անընդհատ կոշտ վզին փափուկ ու նուրբ փողկապը նստեցնելուց ու փեսային յուրահատուկ զուսպ նստելուց էր հոգնել, տղային, որ տվյալ պահին սեղանի գլխին որպես փեսեղբայր էր հանդես գալիս, խորամանկաբար-իրեն յուրահատուկ աչքով արեց, հետո անբռնազբոս ոտքի կանգնեց, ու «աներ-զոքանչ»-սեղանակիցներին դիմեց.

– Հարսի մերն էլ… Ուրեմը…  ձեր աղջկան բան պիտի պատահի, մեզ չի կարո՞ղ պատահի՛։ Կամ էս գիշեր ձեր՝ զոքանչ-աներ-հարսնաքույր-հարսեղբայր ու մնացած… միաբան-ամրակուռ-պատնեշը ճեղքում եւ… գիշերս հարսի հետ եմ քնում՝ էլ չե՛մ դիմանում… կամ ձեր աղջկան ձեզ ենք թողնում… ու մեր տուն ենք վերադառնում: Էս վտանգավոր ժամանակներում՝ մերս աչքը ճամփին իր մինուճար տղային է սպասում։

Ու հետո… շարժվող մեքենաների մեջ խմած-խնամիներով շշերից իրար բաժակի մեջ տնական մուսկաթ գինի էին լցնում… եւ մեքենաներին համընթաց-օրորվող, ձեռքներին թույլ բռնված բաժակները պռունկե-պռունկ լցվո՜ւմ ու… երկրի այդ երկնքի ջի՜նջ-արտասուքի պես խմողների օձիքներին էր թափվում։ Խմողների օձիքներին էր թափվում տնական-մուսկաթ-գինին երկրի այդ երկնքի ջի՜նջ արտասուքի պես: Ու, գինին… արտասուքի պես թափվում էր… Եւ հարսանքավորները կիսատ շշերը մեքենաների կիսաբաց պատուհաններից դուրս շպրտում ու նորերն էին բացում, նորերն էին բացում մինչեւ տղայի ու փեսայի գյուղը… Ու, գինի՛ն-միսը՜՝ բոլ, իրենք կուշտ ուտող-կուշտ խմող ժողովուրդ, եւ ծնողների մինուճար իր աժդահակ ընկերոջ հարսանիքը յոթ օր ու յոթ գիշեր եղավ երեխաներին պատմվող գրքերի հեքիաթների պես…

… – Քեզ չեմ ասո՞ւմ՝ դոշերդ փակի՛։ Չես տեսնո՞ւմ՝ աչքները ո՜նց են չռել խաչիդ…- այդ օրերին թուրքի-օմօն-ը տեր ու տնօրինություն էր անում հայկական երկրամասի օդակայանում. դուրը չեկածին մի շնչում Շուշիի բերդ կամ Աղդամի կատաղած խառնամբոխին էր հանձնում, եւ ընկերոջ հայրը վատ բան կանխազգալով, մոտեցավ, որ ինքը կոճկի սեփական տղայի օձիքը։ Ու տղայի ընկերը օձիքին մեկնված հոր ձեռքը կոպտորեն հետ մղեց եւ ընկերավարի-պինդ տղային փաթաթվեց. «Արի քեզ հաջող անեմ,- ասաց,- ես սրանց համար դոշս չեմ փակի, հերս էլ ինձ հանգիստ չի տալու։ Արի քեզ հաջող անեմ ու գնամ-մեքենայում-նստեմ։ Թե մի բան եղավ՝ մենք հո էստե՞ղ ենք»։

Ու մի 15-20 հոգի պայուսակների պարունակությունն արդեն ստուգել տվել, ունեցած բեռի մի մասը հսկիչ-թուրքերին թողել ու ինքնաթիռ էին բարձրացել։ Եւ հերթը տղայինն էր ու չգիտեր՝ ծանր-նստեցված, լավ-խնամքով-կապկպված, պինդ-հաստ պատերով-ստվրաթղթե-արկղները հերթով բարձրացնի-ստուգման սեղանին դնի՞, թե ձեռքի մեջ քրտնած, ճմռթված 25-ոցները թուրքին տա։ Ու մի քանիսն էին, թուրքերը մի քանիսն էին, սակայն տղան սրան ընդառաջ գնաց եւ ուզեցավ, որ հատկապես այս՝ շիկահեր, կապուտաչ, բարձրահասակ, շատ-գեղեցիկ, մարդկային բոլոր-լավ հատկանիշները դեմքին դաջած, ավագ-լեյտենանտի ուսադիրներով թուրքն իր արկղղները ստուգի։ Եւ տղան կարծում էր՝ ռուս էր, բայց ռուսավարի այս գեղեցիկ թուրքը գեղեցիկ ժպտաց ու թուրքերեն ասաց՝ էս ի՞նչ ես էսքան շատ տանում։ Ու տղան իր կարծիքով՝ ինքն էլ շատ գեղեցիկ ժպտաց՝ թուրքից ավելի գեղեցիկ, համարյա՝ ամերիկյան ժպիտով, ու ձեռքի քրտնած 25-ոցները կողքանց դրեց թուրքի դեմը՝ սեղանին, ու թուրքի հարցին պատասխանելով՝ ժպտալով-հայերեն թվարկեց.

– Թթի մաքուր օղի, նուռ՝ մեր այգուց, խոզի միս, տնական քաշած մուսկաթ գինի, ժինգյալավ հաց,  մեր այգուց՝ մորս ձեռքերով չորացրած կանաչեղենի լա՜վ-բուրումնավետ տեսականի՝ մորս ձեռքով կարված, թելով քաշվող-բերանները փակվող-բացվող սպիտակ-քաթանե-քսակների մեջ, մեղր, քոլի տանձ, մեր այգու՝ լա՜վ-բուրումնավետ սերկեւիլից, մաքուր դոշաբ՝ մորս կողմից եփված, խնձոր ու տանձ՝ մեր այգուց, տավարի միս, ձու, ճուղուպուր, եփած հավ, որ ընկերներով առաջին օրը հավաքվենք հանրակացարանում եւ ուտենք, մորթած, մորս կողմից փետրահան արված հում-հավեր, որ դնեմ հանրակացարանի խախուտ սառնարանի խոլոդում, որ էդ էլ մյուս, սոված օրերին ընկերներով հերթով հանենք-եփենք ու ընկեր-ներով ուտենք, թարմ-փաթեթավորած, համով-հոտով կնձմնձան ու սամիթ-ռեհան՝ մեր մյուս, գյուղ մտնող ճանապարհի ձախակողմյան ձորակում մորս-հորս ձեռքերով գցված գողտրիկ այգուց… որ մերս ձեռքով ձյունը ե՛տ տվել ու ձյան տակից քաղել է թարմ-թարմ, մոթալի պանիր, չիր, ուրց, հոն, տեսակ-տեսակ մուրաբաներ, «յոխա», որսի միս, թթու դրած կըրմըզուկ, թոնրի թաժա հաց, տնական քաշած ուրիշ գինի՝ մուսկաթ չի՛…

Ու թուրքը ձեռքը-ձեռքին եկավ եւ հռհռաց… ու աչքով արեց, ու ասաց. «Հիմա… էս դուք եք Հայաստանին պահո՞ւմ, թե Հայաստանը՝ ձեզ»,- ասաց։ Ու հետո, թե՝ ես էլ եմ ուսանող եղել, գյուղից-տանից հավաքում-տանում էի… ու քաղաքի ընկերներս էդ շաբաթն էին ինձ ճանաչում… եւ ես իրենց համար «ջան-ջիգյար» էի էդ ամբողջ շաբաթը։ Ու տղան մտքում մտածեց, որ լավ միտք է, կասեմ՝ ուսանող եմ, եւ ինքն էլ ձեռքը-ձեռքին եկավ-հռհռաց ու կռացավ, որ իբրեւ թե բարեկամաբար-հռհռալով սարի պես գետնին նստած արկղները վերցնի։ Կռացավ… ու այդ պահին աչքի առաջ խրոմե-փայլեցված սապոգը… թրթռաց… ու երկրամասի բարիքներով լիքը արկղներից մեկի վրա եկավ թափով։ Վրա եկավ, եւ… դիմացը…  մյուսն էր, այդ բեղավոր-թլպատվածը, որ ամբողջ այս ժամանակ իրեն ու ընկերոջն էր հետեւում անքթիթ ատելությամբ։

/շարունակելի/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031