Հայ հասարակությունում կնոջ ավանդական՝ որպես մոր և կնոջ դերը խիստ կարևորվում է: Սակայն, յուրաքանչյուր ՙ«դեր»՚ ինքնին արդեն հանդիսանում է անձնական ընտրության սահմանափակում, և մեր դերայնացված հասարակությունում կինը հաճախ ոչ միայն զրկված է լինում անձնական կյանքի իրավունքից, այլև քարկոծվում ու հալածվում է, եթե բացահայտվում է նրա՝ հետերոնորմատիվային պատկերացումներից դուրս սեռական կողմնորոշումը։
Լեսբի, բիսեքսուալ և տրանսգենդեր կանայք (ԼԲՏ), ցավոք, հաճախ են ենթարկվում խտրականության, բռնության, ճնշումների, հասարակական պարսավանքի, ընտանիքների կողմից մերժման և օտարման։ Մարդու իրավունքներն ու արժանապատվությունը սահմանադրորեն որպես գերագույն արժեք հռչակած Հանրապետությունում նրանք, կարծես, ուրիշների համեմատ ունեն երջանիկ լինելու և արժանապատիվ ապրելու սակավ իրավունք:
Փակ հասարակություններում լեսբի, բիսեքսուալ, տրանսգենդեր կանայք ենթարկվում են տարատեսակ բացասական վերաբերմունքի՝ բռնության և նվաստացման: Հաճախ ավանդական հասարակությունները չեն ընկալում կանանց սեռական կողմնորոշումն ու ընտրության ազատության իրավունքը, դիմում են «ուղղիչ» բռնաբարության մեթոդների, որպեսզի մարդու սեռական ինքնության հանդեպ ժխտողական դիրքորոշումը հաստատեն: Կանանց նկատմամբ բռնության դաժանությունն ու հաճախականությունը, ներառյալ բռնությունը ԼԲՏ կանանց նկատմամբ, հաճախ ատելության խոսքի տեսքով տարածվում է զանգվածային լրատվության միջոցներով։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակներում, ընդգծում և բարձրաձայնում է տարատեսակ բռնությունների թիրախում հայտնված ԼԲՏ կանանց խնդիրը, որոնց՝ խտրականությունից ու դաժան վերաբերմունքից զերծ լինելու իրավունքներն ամրագրված են Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային դաշնագրերում, սակայն բավարար չեն արտահայտված ՀՀ օրենսդրական դաշտում։
Կոալիցիան պնդում է, որ Հայաստանը պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկի անձի նկատմամբ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության բոլոր ձևերի վերացման համար՝ համընդգրկուն հակախտրական օրենսդրություն ընդունելու միջոցով:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
19․05․2017