«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների գերակշիռ մասն իր ձայնը տվեց «հանրապետական» թեկնածուին՝ իր դիրքը ցույց տալով քաղաքական դաշտում: Սա բնական գործընթաց է»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱԺ փոխնախագահի քվեարկության ընթացքին, ասաց Երեւանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը:
Նա հիշեցրեց այդ առնչությամբ Նիկոլ Փաշինյանի դիտարկումը՝ «տարօրինակ է, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների խիղճը տարել է դեպի ՀՀԿ-ն»: Հիշեցնենք, որ այս նկատառմանը հաջորդել էր պատգամավոր Միքայել Մելքումյանի բացատրությունը, թե դաշինքը քաղաքական որոշում է կայացրել՝ ընտրությունը թողնել պատգամավորների խղճին:
Ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին համաձայնեց. «Փաստորեն, երբ ընտրությունը թողնված է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների խղճին, այն հուշում է, որ պետք է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այդ քվեարկությունը ցույց տվեց, թե իրականում որ դիրքերում է գտնվում «Ծառուկյան» դաշինքը, իսկ այսօր տեղի է ունեցել ընդդիմափոխություն, եւ «ԵԼՔ» դաշինքն իր վրա ստանձնել է միակ ընդդիմադիր ուժի պարտականությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահների անուններն արդեն հայտնի են:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ