Օֆշորային սկանդալի հետեւանքով ՀՀ թերեւս «ամենայուղոտ» պաշտոնից հրաժարական տված ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը երեկ Ազգային ժողով էր եկել։ Նա իջել էր գեներալի իր բարձունքից եւ շարքային մահկանացու պատգամավորների հետ կողք կողքի նստել։
– Ձեր գնալուց առաջ Արմեն Հարությունյանին Դուք երաշխավորեցիք, որ հենց նա լինի ԴԱՀԿ պետ, որպես վստահելի մարդ։ Բայց հետո կարծեք՝ նա Ձեր դեմ սկսեց աշխատել։
– Արմեն Հարությունյանը ժամանակին եղել է իմ խորհրդականը, որից հետո եղել է վերահսկողության պետ, հետո իմ միջնորդությամբ նա ներկայացվել է որպես գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, հետո նախագահի հրամանով նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ վերջին ժամանակներս նա արդեն կառույցի ղեկավար է նշանակվել։ Ես կարծում եմ, որ այն երկար տարիների փորձը, որ Ա. Հարությունյանը կուտակել է, դա բավականին լուրջ փորձ է, եւ վստահ եմ, որ ինքը նորմալ կաշխատի։
– Պարոն Պողոսյան, չե՞ք կարծում, որ նա Ձեր դեմ է աշխատում, քանի որ Ձեր նախկին կադրերին մեկը մյուսի հետեւից հեռացնում է աշխատանքից։
– Բոլորն են իմ կադրերը եղել։ Ինքն էլ է իմ կադրը եղել։
– Բայց Ձեր դեմ է աշխատում…
– Իմ դեմ աշխատել գնահատականը մի քիչ ճիշտ չէ տալ։ Ես ավելի ուրախ կլինեմ՝ ինքը կառույցի համար աշխատի։ Ցանկացած ոք, որ աշխատում է կառույցում, աշխատի կառույցի համար։ Մենք 8 տարի աշխատել ենք կառույցի համար՝ օր ու գիշեր։ Եվ կայացրել ենք մի կառույց, որը հայտնի չէր, եւ որը շատ քիչ գործառույթներով էր զբաղված եւ բավականին տեսանելի չէր դաշտում։ Եվ 8 տարվա ընթացքում մենք կարողացանք էնպիսի մի կառույց ստեղծել, որը միջազգային հարթակներում ճանաչելի դարձավ։ Եվ ոչ միայն միջազգային հարթակներում, նաեւ Հայաստանում իր ուրույն տեղը կարողացավ գրավել։ Ես հույս ունեմ, որ էն թիմը, որ թողել եմ էնտեղ, հավուր պատշաճի կշարունակի էդ առաքելությունը։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում