Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահների ընտրությունն է: ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին բացատրեց, թե ինչպես պետք է քվեարկեն, նա զգուշացրեց. «Աջ կողմում ծիտիկ կդնեք»:
Քվեարկությունն ուղեկցվում է ուշագրավ դրվագներով եւ խախտումներով: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ «ընտրատեղամասում» կուտակումներ են. «Գագիկ Մելիքյանը բոլորի հետ մտնում է քվեախուց, զգո՞ւմ եք»:
ՍԱՍ-ի Արտակը հայտարարում է՝ «Դու չգիտե՞ս, որ մենք կնամեծար ենք» ու քվեախցիկը զիջում Կարինե Աճեմյանին:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանն իր գործընկերներին ընտրախախտման էր տանում, նա ուզում էր հերթ չկանգնել, պարզապես ոտքի վրա բաց քվեարկել ու գնալ: Երբ տեսախցիկը շրջեցինք նրա կողմը՝ ասաց. «факт на лицо»:
Քանի որ 3 թեկնածուներ են, 3 քվեաթերթիկ էին բաժանել: Սամվել Ալեքսանյանը, գեներալ Մանվելը, Միհրան Պողոսյանը, Արթուր Գեւորգյանը միմյանց հետ խորհրդակցում էին, թե ի՞նչ պիտի անեն, որը ջնջեն, որ չխառնեն:
Կարեն Կարապետյանը քվեարկելուց հետո հայտարարեց՝ «Մենք մեր սեւ գործն արինք»:
Տեսնելով, որ լրագրողները ճանապարհը փակել են, չի կարողանում մոտենալ քվեախցին՝ Մանվել Գրիգորյանն ասաց. «Վայ ես ձեր արա…ձեր գործին ես էլ եմ խանգարելու:
Սեյրան Սարոյանը քվեարկելուց հետո ուրախությամբ արձանագրեց. «Ծիտիկն էլ նկարինք»:
Ինչպես երբեմն լինում է ընտրատեղամասերում, ընտրողը գրիչն իր հետ է տանում, Նաիրա Զոհրաբյանն էլ միամիտ գրիչը տարավ: Ռաֆիկ Գրիգորյանը կատակեց՝ հիմա ուրիշ գրիչ դնենք, կասեք՝ ՀՀԿ-ն գունավոր գրիչ է բաժանում:
Տեսագրությամբ պարզ երեւում է, թե ինչպես են պատգամավորները մի քանի հոգով մտնում քվեախուց, քվեարկում բաց, թեեւ ընտրությունը կոչվում է փակ, գաղտնի: Սամվել Ալեքսանյանը քվեախցիկից օգնության է կանչում հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ