Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը, որում երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին առաջիններից մեկն է քվեարկել, հաղորդում է Press TV-ն:
«Ընտրությունները շատ կարևոր են, և երկրի ճակատագիրը գտնվում է ժողովրդի ձեռքում»,- ասել է Խամենեին:
Իրանում նախագահական ընտրությունների քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով 08:00-ին և կավարտվի 18:00-ին, բայց, ամենայն հավանականությամբ, ընտրատեղամասերի աշխատանքները կձգձգվեն՝ ընտրողների բարձր մասնակցության պատճառով:
Ընտրություններին մասնակցում է 4 թեկնածու՝ գործող նախագահ Հասան Ռուհանին, այաթոլլա Իբրահին Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Տաբան և պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը: Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ավելի քան 50 տոկոս ձայն, մեկ շաբաթ հետո տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ՝ առավել ձայներ հավաքած երկու թեկնածուների մասնակցությամբ:
Նախագահական ընտրություններին զուգահեռ՝ Իրանում տեղի կունենան քաղաքային խորհրդի ընտրությունները և խորհրդարանի նախաընտրությունները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ