Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասիրությունը նաեւ պարզություն է

Մայիս 19,2017 10:12

Մայիսի 26, 27, 28-ին «Ավրորա» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացնում է միջոցառումների շարք: Հրաշալի գործ են անում կազմակերպիչները, այն բարձր է պահում մեր ազգի պատիվը՝ ցույց տալով, որ մենք` հայերս, դավանում ենք համամարդկային հումանիտար արժեքների: Ես էլ ստացա հրավեր՝ մասնակցելու այդ միջոցառումներին եւ նույնիսկ մտածում էի մասնակցել դրանցից մեկին: Բայց…

Սովորաբար, երբ նման հրավեր եմ ստանում, ինձ ուղարկում են հրավիրատոմս, որը ես վերցնում եմ հետս եւ մուտքի մոտ ցույց եմ տալիս: (Եթե կա անվտանգության հետ կապված խնդիր, ապա մուտքի մոտ մետաղորսիչ են դնում, ինչը նորմալ եմ համարում): Բայց այստեղ շատ ավելի բարդ ընթացակարգ էր: Միջոցառումներին մասնակցելու համար ես պետք է լրացնեմ մի ամբողջ հարցաշար, որը մոտ է այն հարցաշարին, որն անհրաժեշտ է լրացնել դեսպանատներում շենգենյան վիզա ստանալու համար: Նախ՝ Ավրորայի մասնակցության այդ փաստաթուղթը ես պետք է լրացնեմ անգլերեն՝ հավանաբար, ենթադրվում է, որ միջոցառման բոլոր հյուրերը անգլիախոս են:

Հարցաթերթիկի բովանդակությունը հետեւյալն է. «տիտղոս» (իսկ եթե ես դուքս կամ կոմս չե՞մ), անուն, ազգանուն, հայրանուն, նախընտրելի էլ.հասցե, ծննդյան թիվ, անձնագրի համար, վավերական է մինչեւ… Եվ այստեղ հարց է առաջանում՝ եթե ես այդքան կասկածելի անձ եմ, որ կարող եմ ներկա լինել միջոցառումներին՝ միայն իմ անձնագրի տվյալները թողնելով, ապա գուցե չարժե՞ր ինձ հրավիրել: Իսկ եթե ես անձնագրի կեղծ տվյալներ ներկայացնեմ, ի՞նչ է, ոստիկանությա՞մբ են դրանք ստուգելու:
Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես կարծում եմ, որ մարդասիրությունը ենթադրում է նաեւ շփման մեջ պարզություն, դեմոկրատիզմ, մատչելիություն: Եթե այդ մրցանակաբաշխության միջոցառումներին ավելի դժվար է մասնակից դառնալ, քան հանդիպել հանրապետության նախագահի հետ, եթե բյուրոկրատական ընթացակարգերն այդքան բարդ են, ապա ավելի լավ է՝ այդ նախաձեռնություններն իրականացվեն միայն միջազգային «արիստոկրատիայի» համար եւ ոչ թե սովորական մարդկանց: Չեմ բացառում, որ դա միջազգայնորեն ընդունված ձեւ է: Բայց ոչ բոլոր միջազգայնորեն ընդունված ձեւերն են լավը:

Կրկնեմ՝ ես մտադիր չեմ վարկաբեկել մրցանակաբաշխությունը եւ «Ավրորայի» գաղափարը: Շատ ողջունելի նախաձեռնություն է: Պարզապես դրա շուրջը ինչ-որ շղարշ ստեղծելը՝ ինչ-որ լրատվամիջոցներին բացառիկ իրավունքներ տալը եւ մասնակցության համար ինչ-որ բյուրոկրատական ընթացակարգեր հորինելը՝ այդ ամենը, ինձ թվում է, հակասում է բուն գաղափարին:

…Մեր ժամանակների ամենանշանավոր դաշնակահարներից մեկը՝ Գեորգի Սոկոլովը (ի դեպ, Կոմիտասի դաշնամուրային երկերի անզուգական կատարող), ինչ-որ մի օդանավակայանում ինքնաթիռ նստելու համար պետք է մատնահետք հանձներ: Սոկոլովը հրաժարվեց՝ ասելով. «Ներեցեք, ես սովոր եմ իմ մատնահետքերը թողնել միայն դաշնամուրի ստեղնաշարի վրա»: Ու չթռավ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. henri says:

    Ամբողջութեամբ համաձայն եմ Ձեզ հետ – Նոր հանրապետութիւններու մէջ նման բաներ եթէ պատահին ժպիտ կը յառաջացնեն – Բայց 25 տարիներ բոլորած և բաւական յառաջացած Հայաստանին համար մի քիչ տարօրինակ կը թուի.

  2. Հ.Շ. says:

    Հայաստանում անվտանգութեան վերաբերեալ սաստկացած միջոցների համար՝ շնորհակալութիւն յայտնեցէք Սասնա Հանգստափչիկներին: Այդ ել թող լինի նրանց մի այլ մե՜ծ իրագործումը:

    Օտարները, ինչպէս նաեւ Սփիւռքի – ոչ հայաստանցի – օտարացած հայերը, որպէս հայկական ֆոլքլոր չեն ընկալէր Յուլիս 2016-ի արիւնահեղ դէպքերը, ինչպէս նաեւ անոնց հիման վրայ, անկէ ի վեր տեւաբար եւ դեռ մինչեւ մի քանի օր առաջ – այդ ալ քաղաքական կարկառուն անձնաւորութեան մը դերասանական ճիչերի միջոցաւ -՝ նոյնանման բիրտ դէպքերի կրկնութիւնը եւ շարունակութիւնը ցանկացող կամ մինչեւ իսկ յայտնող, սպառնական կանչերը:

    Սակայն անվտանգութեան վերաբերող այդ խստացած պայմաններով նաեւ ուրախ պէտք է լինեն ոմանք, այդտեղ: Քանզի ահա, այդպէսով եւս, Երեւանն ալ նմանում է Եւրոպայի հանրածանօթ քաղաքներին…

  3. Դավիթ says:

    Հարգարժան Հ Շ,ասեմ որ դուք չեք հասկացել պ-ն Ա Աբրահամյանի մտահոգությունը;Ակնհայտ է որ դուք իմպրտնի հայ եք,ձեր նախնիք էլ պետք է որ ․․ազգային ջոչերից ՛՛եղած լինեն;
    Ձեր գրառումից հասկանում եմ որ դուք բարկացած եք,որ Հայաստանցիներս չնդունեցինք ձեր սասնա ծռերին,իսկ դուք ալամ աշխարհից ակտիվիստներ ուղարկեցիք սկսած Կանադայից;
    Մենք շնորհակալություն ունենք հայտնելու,մեր անվտանգության համար նախ և առաջ մեր զինվորականներից,հետո ՌԴ-ից,նաև Ադրբեջանից,որ վախենում է մեզանից,նույնիսկ Թուրքիայից,որի տարացքային ամբողջականությանը մենք մեծապես վտանգում ենք,ու նա մինչ այժմ,Նախիջևանի կողմից չի հարձակվում,իսկ սասնա ծռերը ավելի շատ վտանգեցին;
    ․․Ոմանք այդտեղ՛՛ը մենք ենք,իսկ մեր Երևանը տեռորի ենթարկված քաղաքներին եք նմանեցնում,այդպես չէ՛՛՛;
    Ձեր գրվացքի տարորինակ մտքերը,նույնիսկ կասկածելի են,որովհետև,դուք թեմայից չխոսեցիք,շատերը ախմախություն կվորակեն,բայց ինձ թվում է,դուք կոդավորված հաղորդագրություն եք տարածում;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031