Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ չեն վստահում թե՛ իշխանությանը եւ թե՛ ընդդիմությանը» (Տեսանյութ)

Մայիս 19,2017 16:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են քաղաքագետներ Արմեն Մինասյանը եւ Հայկակ Արշամյանը

Լուսինե Բուդաղյան.– Երեւանի ավագանու ընտրություններն ավարտվել են, բայց դրա շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում:
Ընտրությունների օրը ամենաաղաղակողը, թերեւս, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ կատարված միջադեպն էր, ծեծվեցին նաեւ լրագրողներ, ոմանց հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցին: Մայիսի 14-ի ընտրությունների օրվա վերջին, սակայն, ՀՀԿ շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ընտրությունները մրցակցային էին, եւ դրանք եւս մեկ անգամ վերահաստատեցին, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով:

Պարոն Արշամյան, որքանո՞վ ընտրողն ազատ ձեւավորեց եւ արտահայտեց իր կամքը: Արդյո՞ք մարդիկ իրենց հոժար կամքով գնում եւ ընտրում են ՀՀԿ-ին:

Հայկակ Արշամյան.– Այո, այն մարդիկ, որոնք գնացել են ընտրության, նրանց մեծ մասն, իհարկե, հոժար կամքով է գնացել, բայց պետք է խոսել թե՛ վարչական ռեսուրսի չարաշահման մասին, թե՛ այն մասին, որ իշխանությունները փոխել են իրենց մարտավարությունը ընտրությունների ժամանակ եւ լցոնումների փոխարեն ուղղակի մարդիկ են լցոնում ընտրատեղամասեր: Իհարկե, հենց դիտորդական առաքելությունների աշխատանքի շնորհիվ է, որ ընտրատեղամասերում մենք այսօր չենք տեսնում աղաղակող լուրջ խախտումներ` չհաշված մեծահասակ, ծեր մարդկանց անընդհատ ուղեկցեն ու ընտրությունների տանելը կամ կողմնակի անձանց ներկայությունն ընտրատեղամասում, տեսախցիկների չաշխատելը: Բայց ընդհանուր առմամբ տեղամասերում ընտրությունները քիչ թե շատ նորմալ են ընթանում: Բայց այն, ինչ կատարվում է ընտրատեղամասերից դուրս, ընտրություններից մի քանի օր առաջ, քարոզարշավի ընթացքում եւ նաեւ ընտրությունների օրը ընտրատեղամասերի շուրջ, այ, դրա մասին արժե խոսել:

Արմեն Մինասյան.- Մենք չունեինք տեղեկություններ քվեարկողների նկատմամբ հարկադրանքի, պարտադրանքի մասին, հետեւաբար այն անձինք, որոնք գնացել են քվեարկության կամ առհասարակ չեն գնացել, որը շատ ավելի մտահոգիչ է այս ընտրություններում, նրանք գնացել են սեփական կամքով, արտահայտել են սեփական կամքը: Ավելին, նույնիսկ նրանք ուղեկցել են ծերերին, նրանց կողմից չի եղել որեւէ կերպ այլ վարքի դրսեւորման ցանկություն, այսինքն` նրանց մեծ մասին հոժար կամքով են ուղեկցել, այլ հարց է` որոնք էին մոտիվատորները, ինչու էին մարդիկ գնացել եւ ինչու են կատարել այդ ընտրությունը: Այստեղ արժե խոսել: Բայց այն, որ մարդը գնացել, քվեախցում կատարել է որոշակի ընտրություն, եւ այս ամբողջ փուլում օրենքի տարրի տեսանկյունից չունենք խախտում, սա փաստ է: Ավելին` տրված քվեներն արտացոլել են ընդհանուր քվեարկության արդյունքները: Բոլոր երեք մասնակից ուժերն էլ կարծես թե խնդիր չունեին, որ տրված քվեները որեւէ կերպ արդյունքներն ամփոփելիս փոխվել են:

Լ. Բ.- Տարոն Մարգարյանի ստացած 71 տոկոս ձայնը, մայրաքաղաքի ավագանու ընտրությունները դիտարկած տեղեկան դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով, չի արտացոլում երեւանցիների կամքը:

Ա. Մ.- Ես հավատում եմ այնքանով, որ գործ ունենք փաստի հետ, այստեղ կարեւորը 71 տոկոսը չէ, կարեւորը 240 հազար ձայնն է, որը գրեթե 100%-ով կրկնում է ապրիլի 2-ին Երեւան քաղաքի տարածքում արձանագրված ցուցանիշները: Ի դեպ, նույնը նաեւ «Ելք» դաշինքի պարագույմ: 70 հազար ձայն «Ելք»-ը ստացել էր ապրիլի 2-ի քվեարկությանը եւ ճիշտ նույնքան` մի քանի հարյուր ձայնի տարբերությամբ, ստացել է մայիսի 14-ին: Այստեղ ամբողջ հարցն այն է, որ այն ուժերը, որոնք մասնակցում էին խորհրդարանական ընտրություններին, չէին մասնակցում ավագանու ընտրություններին, սկզբունքորեն այդ ուժերի էլեկտորատը չի եկել քվեարկության, թե ինչու` որեւէ մեկի համար գաղտնիք չէ:

Հ. Ա.– Եթե հաշվի առնենք, որ ամեն բակում, ամեն թաղում ՀՀԿ-ի կրպակները, գրասենյակները գործում են, եւ այս անգամ հենց նույն «Ելք» դաշինքի, «Երկիր Ծիրանի»-ի ներկայացուցիչներին ինչ-որ չափով հաջողվեց բացահայտել այն մեխանիզմը, ինչ մեխանիզմով որ այսօրվա իշխանություններն աշխատում են, այսինքն` օգտագործում են տվյալ թաղի, բակի այն մարդկանց հնարավորությունները, որոնք որոշակի ազդեցություն ունեն այդ շրջանում: Տեսանք նաեւ գումարները մարդկանց ձեռքին, երբ տեսախցիկը պահեցին այդ գումարների վրա, գումարը պահեց, ցուցակները, նաեւ «Ելք» դաշինքի բացահայտած ցուցակները, թե ով որքան ձայն պետք է բերի, նաեւ «ինստրուկցիաները»՝ ով ինչպես պետք է աշխատի, ընտրողին ինչպես պետք է համոզեն կամ ընտրակաշառք բաժանեն, իհարկե, այդ ամենից հետո պետք է համաձայնեմ, որ ընտրատեղամասում ամեն ինչ թղթի վրա ճիշտ է, եւ մարդիկ գնացել իրենց ձայնը տվել են: Կարող է` մեկ-երկու տեղում հաշվարկի ժամանակ ինչ-որ խախտումներ լինեն, բայց իրականության մեջ բոլոր հանձնաժողովները նստած են եղել, հանել են արդեն քվեարկած քվեաթերթիկները: Համամիտ եմ, որ խնդիրը մարդկանց չմասնակցությունն է ընտրություններին, սրա համար մի քանի պատճառ կա` մարդիկ հիասթափված են, չեն վստահում ոչ մի թեկնածուի, մարդիկ չեն վստահում թե՛ իշխանությանը եւ թե՛ ընդդիմությանը:

Քննարկումն ամբողջությամբ`

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

18.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031