Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե ԿԸՀ-ն օբյեկտիվ մոտենա՝ հիմքերը բավարար են քվեարկության արդյունքները չեղյալ համարելու համար»

Մայիս 19,2017 14:30

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 16-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն «Ազատության» եթերում այս դիմումի առնչությամբ ասել է. «Դիմումի իրավաչափության հետ կապված՝ արդյո՞ք պատշաճ, բավարար հիմքեր են ներկայացվել սուբյեկտի կողմից, թե՞ ոչ՝ մենք դրան կանդրադառնանք դիմումի քննության շրջանակներում։ Այս պահին մենք կարող ենք փաստել մեկ բան, որ կա նման դիմում, որը բաղկացած է երկու թերթից, եւ որին այլ նյութեր կցված չեն»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ակնկալիք չունի, որ ԿԸՀ-ն հօգուտ «Երկիր Ծիրանիի» որոշում կկայացնի: «Առավոտի» հետ զրույցում իրավապաշտպանն ասաց, որ Տիգրան Մուկուչյանը Զարուհի Փոստանջյանի գործողությունների մասին արդեն իսկ իր սուբյեկտիվ գնահատականն է տվել լրատվամիջոցներից մեկով, ընդ որում՝ առանց դրա համար պատշաճ լիազորություն ունենալու:

«Խոսքը վերաբերում է Փոստանջյանի՝ ՀՀԿ-ի շտաբում հայտնվելուն: Ասել է՝ նա խաթարել է շտաբի գործունեության բնականոն ընթացքը, դա մասնավոր տարածք է եւ այլն: Նա այսպիսի հայտարարություն անելու իրավասություն չուներ: Նախընտրական շտաբի աշխատանքների խոչընդոտման կամ խաթարման վերաբերյալ դատողությունները գտնվում են իրավական հարթության վրա, եւ եթե նույնիսկ նման դեպք է լինում, դրանով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, ոչ թե ԿԸՀ-ն»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ դեռեւս ԱԺ ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորման» բացահայտած՝ դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրելու վերաբերյալ հանցագործության փաստերը ԿԸՀ-ն պետք է իր նախաձեռնությամբ նյութերն ուղարկեր իրավապահ մարմիններին. «ՀՀԿ-ի նախընտրական շտաբից դուրս բերված ու աղբամանը գցած ընտրակաշառքների վերաբերյալ թղթերը, որոնք գտել էր «Ելք» դաշինքն ու հրապարակել, ԿԸՀ-ն պետք է հետեւողական լիներ ու դրանք ուղարկեր իրավապահ մարմիններին: Երբ դա չի անում ու առանց քննության մերժում է «Ելքի»՝ ՀՀԿ-ի ընտրությունների մասնակցության գրանցումն անվավեր ճանաչելու դիմումը, սա արդեն կասկածի տակ է դնում, որ ԿԸՀ-ն «Երկիր Ծիրանիի» վերաբերյալ կարող է լինել օբյեկտիվ: ԿԸՀ նախագահն ունի կանխակալ վերաբերմունք, նա անգամ հաշվի չի առել այդ ուժի քաղաքապետի թեկնածու Փոստանջյանի նկատմամբ կիրառված բռնության փաստերը»:

Իրավապաշտպանն ասաց՝ հաշվի առնելով ԿԸՀ-ի դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ՝ այս կառույցը կոչված է լեգիտիմացնելու իշխանության ընտրությունը, այլ ոչ թե համարժեք գնահատական տալու ընտրությունները խոչընդոտած, խաթարած, ընտրական իրավունքները խախտած փաստարկներին. «Ուստի կարող եմ կանխատեսել, որ ԿԸՀ-ն որոշելու է՝ «Երկիր Ծիրանիի» հիմնավորումները պատշաճ չեն: ԿԸՀ-ն մինչ այժմ կամք չի դրսեւորել մինչ այժմ բացահայտված ընտրախախտումների դեպքերին հետամուտ լինելու, որպեսզի դրանք դառնան քննության առարկա»:

Նշենք, որ ԿԸՀ ներկայացրած «Երկիր Ծիրանիի» դիմումում նշված է. «2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների անցկացման ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցությունն արձանագրել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ Հանրապետական կուսակցության հետ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն: Ձեզ տեղյակ ենք պահել այն մասին, որ սույն թվականի մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Երեւան քաղաքի շուրջ 40 տոկոս ընտրատեղամասերում առկա չհրկիզվող պահարանները չեն գտնվում տեսանելի վայրում` տեղամասերում առկա տեսախցիկներից չեն երեւում, եւ տեսախցիկների աշխատանքը խափանված է: Տեղյակ եք նաեւ մեր կողմից արձանագրված անհերքելի այն փաստի մասին, որ 9/46 տեղամասային ընտրական հանձնաժողովում ոստիկաններին ի պահ հանձնված չհրկիզվող պահարանը 3 ոստիկան բացել էին, տեղափոխել եւ տարել տեղամասում առկա տեսախցիկից չդիտարկվող վայր: Գրեթե բոլոր անվավեր քվեաթերթիկների վրա քվեարկած 3-րդ համարի` Հանրապետական կուսակցության դիմաց նշանը նույնաձեռագիր է եղել եւ անվավերության հետեւանք է դարձել բարեխիղճ ընտրողների կողմից այն անվավեր է դարձել, քանի որ նույն քվեաթերթիկների վրա քվեարկություն են կատարել մյուս թեկնածուների օգտին` այդպիսով նույն քվեաթերթիկի վրա 2 եւ ավելի նշանները ակնհայտ տարբերվել են մեկը մյուսից, նրանց թիվը կազմում է շուրջ տասը հազար: Այս տարբերվող հանգամանքը փաստում է, որ շուրջ 10 հազար քվեաթերթիկ արդեն նախապես քվեարկված է եղել եւ բերվել է ընտրատեղամաս, եւ կարող ենք ասել, որ կլինեն հարյուր հազարավոր, որ չեն գիտակցել եւ անվավեր չեն դարձրել քվեաթերթիկը: Ընտրատեղամասերում գտնվող դիտորդների գերակշիռ մասն ընդգրկվել են Հանրապետական կուսակցության կողմից եւ կազմակերպել են ուղղորդված քվեարկություն: Երեւանում հաշվառված քաղաքացիների թիվն ուռճացված է` ի հաշիվ կեղծ հասցեատերերի եւ հաշվառվածների (100 հազարից ավելի կեղծ հասցե եւ շուրջ 500 հազար կեղծ հաշվառված անձ)»: Կուսակցության նշած ընտրախախտումները, ինչպես նշված է դիմումում, ազդել են 2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վրա, ուստի պահանջում են արդյունքներն անվավեր ճանաչել:


«Երկիր Ծիրանիի» նշած 10 հազար նախապես քվեարկած քվեաթերթիկների մասին Տիգրան Մուկուչյանն ասել է. «Անվավեր քվեաթերթիկների թիվը մոտ 8 հազարի կարգի է։ Հետեւաբար 10 հազարի մասին խոսելն արդեն անընկալելի երեւույթ է»։
Ըստ պարոն Մուկուչյանի՝ նշված երեւույթը վիճարկելու համար փաստական հանգամանքներ են հարկավոր. Ընտրական օրենսգիրքը նախատեսում է նախ հնարավորություն քվեարկության օրը վստահված անձանց լինելու տեղամասային կենտրոններում, հետեւելու գործընթացին, հետո ներկայացնելու վերահաշվարկ իրականացնելու վերաբերյալ դիմումներ։ Սակայն, ինչպես վստահեցրել էր Մուկուչյանը, ԿԸՀ-ն սահմանված ժամկետներում ընդամենը վերահաշվարկի 2 դիմում է ստացել, 2-ն էլ՝ «Ելք» դաշինքի վստահված անձանց կողմից. «Իսկ հիշյալ ընտրություններին մասնակցող սուբյեկտի կողմից անգամ նման դիմումներ չեն ներկայացվել, եւ նման դատողություններ անելու համար պետք է այդ ամենը հիմնվի համապատասխան, պատշաճ հիմքերի վրա»։
Ինչ վերաբերում է չհրկիզվող պահարանների հետ կապված «Երկիր Ծիրանիի» նշած հանգամանքին, Մուկուչյանը վստահեցրել է. «Որեւէ մեկ դեպք, որ տեղամասում չհրկիզվող պահարանը հանձնելուց հետո առավոտյան փոխված է եղել, այսինքն՝ կնիքը պոկված է եղել եւ այլն, նման փաստ ընդհանրապես առկա չէ»: Ընտրություններից մեկ օր առաջ հրապարակած այն տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են չհրկիզվող պահարանը տեղափոխում, ԿԸՀ-ն հայտարարել է, որ այդ պահարանում ընտրական որեւէ փաստաթուղթ չի եղել, դա եղել է բոլորովին այլ պահարան, իսկ ընտրական փաստաթղթերով պահարանը անվնաս իր տեղում է եղել:

Չհրկիզվող որոշ պահարանների՝ տեսախցիկների դիտարկման տակ չլինելու կամ ոչ վերահսկելի վայրում լինելու հանգամանքի վերաբերյալ էլ Մուկուչյանը նշել է, որ ավագանու ընտրությունների համար տեսախցիկների առկայության պարտադիր պահանջ սահմանված չէ, սակայն ԿԸՀ-ն ապահովել է տեսախցիկների աշխատանքը:
«Երկիր Ծիրանիի»՝ ԿԸՀ-ին ներկայացրած դիմումը որքանո՞վ է հիմնավոր. այս հարցին ի պատասխան՝ իրավապաշտպանն ասաց. «500 հազար կեղծ հաշվառված անձինք, 100 հազարից ավելի կեղծ գրանցումներ. սրանց մասին փաստեր չունեմ, սա պետք է Փոստանջյանը հիմնավորի: Բայց ես առավել կարեւոր հիմնավորում եմ համարում թեկնածուներից մեկի, այսինքն՝ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բռնությունը ընտրությունների օրը. այդ բռնությունը խոչընդոտեց նրա լիարժեք մասնակցությանը ընտրությանը: Սա հիմք է, որպեսզի ԿԸՀ-ն համարժեք որոշում կայացնի: Բացի այս, շատ կարեւոր էր «Ելքի» կողմից լայնածավալ ընտրակաշառքների տարածման, ընտրակաշառք վերցնողներին վերահսկելու, ուղղորդելու, ՊՊԾ գնդի, այսինքն՝ իրավապահ մարմնի ներգրավումը ընտրական գործընթացներին, այսինքն՝ սրանք բավական լուրջ փաստեր էին, որպեսզի մինչ ընտրությունների օրը ԿԸՀ-ն դրանց հիման վրա համապատասխան պահանջներ ներկայացներ իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու: Սրանք հիմքեր էին, որպեսզի Ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ ՀՀԿ-ին գրանցումից հեռացնեին: Եթե չի հեռացվում, արդեն կասկածի տակ է ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուի՝ 70% ձայներ հավաքելը, եթե ՀՀԿ-ի գրանցումն ընտրություններին չի հանվել, ուրեմն ՀՀԿ-ն էական ազդեցություն է ունեցել քվեարկության արդյունքների վրա: Եթե ԿԸՀ-ն օբյեկտիվ մոտենա՝ հիմքերը բավարար են, ԸՕ-ի նորմերին համապատասխան, քվեարկության արդյունքները չեղյալ համարելու համար»:

 

Պատրաստեց
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ

«Առավոտ»

18.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    եթէ Օրէնքը տառացիօրէն, առանց խտրականութեան, եւ առարկայական կերպով կիրարկուի, Տիկին Փոստանջյանը պէտք է որ ենթարկուի քրէական հետապնդման

    ոչ ընտրութեան օրը հանրային կարգը խանգարող իր կռուազան վերաբերմունքով, այլ նաեւ անոր յաջորդող զինեալ ապստամբութեան իր կոչերով

    սակայն խնայում են զինք…

    երեւի ազդու պաշտպաններ ունի

    կամ ել չեն ուզում զինք «հերոսացնել»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031