Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆենոմեններին էլ են «հրում» դեպի «Պառնաս»

Մայիս 19,2017 13:30

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ
իր հերթին է շնորհալիների առաջ «կանաչ լույս» վառել

Միջազգային մամուլի բնորոշմամբ «Ռուսական դաշնամուրային դպրոցի նորագույն ֆենոմեն», 15-ամյա դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեեւը (լուսանկարում) «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 19-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) ընկերակցությամբ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Պրոկոֆեւի 3-րդ կոնցերտի մեկնաբանմամբ:

Օրեր առաջ առաջին անգամ Երեւանում հանդես եկող դաշնակահարի հայտագիրը իրարանցում է առաջացրել երաժիշտների եւ երաժշտասերների շրջանում: «Առավոտի» հետ զրույցում ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդ. Թոփչյանն ասաց, որ երիտասարդ արվեստագետի հետ առաջին անգամ ծանոթացել է եւ բեմ բարձրացել շուրջ 10 օր առաջ՝ Իտալիայում կայացած հեղինակավոր «International Piano Festival of Brescia and Bergamo»-ում եւ չնայած երիտասարդի հագեցած համերգային գրաֆիկին, իրեն հաջողվել է իրականացնել նրա հրավերը Հայաստան:


«Գործունեությանս ընթացքում շատ եմ հանդիպել ու համագործակցել տաղանդավոր, շնորհալի պատանի երաժիշտների հետ, բայց ռուս դաշնակահարը իսկապես բացառիկ երեւույթ է: Ծանոթ եմ նրա ստեղծագործական գործունեությանը, բայց երկար ժամանակ կպահանջվի նշելու նրա մասնակցությունը շուրջ 15 միջազգային մրցույթներին, ելույթները աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում ու փառատոներում՝ հայտնի նվագախմբերի հետ:

Միայն ասեմ, որ երիտասարդը համագործակցել է Գերգիեւի, Սպիվակովի, Պարրայի, Լիսսի, Կոչանովսկու, Յամադայի, Տակաչ-Նագիի եւ այլ հանրահայտ դիրիժորների հետ: 2016թ. Master Performers ընկերությունը թողարկել է Մալոֆեեւի առաջին DVD ձայնագրությունը՝ կատարված Ավստրալիայի Griffith University Queensland Conservatorium-ում»,- տեղեկացրեց Էդուարդ Թոփչյանը:


Մեր հանդիսատեսը բազմիցս ունկնդրել է տաղանդավոր պատանի երաժիշտների, այդ թվում՝ Սպիվակովի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կրթաթոշակառուներին կամ՝ «Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների մրցույթի մասնակիցներին, սակայն ռուս պատանի դաշնակահարի անվան շուրջ լեգենդներ են հյուսվում: Դիրիժորից հետաքրքրվեցինք՝ թեեւ արվեստում համեմատություններ եւ զուգահեռներ անցկացնելը ճիշտ չէ, այնուամենայնիվ, իր կարծիքով, ո՞ր երաժշտի հետ կհամեմատեր Ալեքսանդր Մալոֆեեւին: Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ «Միայն Եվգենի Կիսինի հետ»:
Ֆենոմենը՝ ֆենոմեն, տաղանդը՝ տաղանդ, բայց արդեն շշուկներ են պտտվում, որ Մալոֆեեւի ստեղծագործական «կնքահայրերը» Սպիվակովն ու Գերգիեւն են: Էդուարդ Թոփչյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ինքը ունի՞ այդպիսի «սանիկ»:

«Առաջին քայլերը նվագախմբիս հետ են սկսել վաղուց արդեն հեղինակավոր թատրոնների ու նվագախմբերի ցանկալի հյուրեր, օպերային երգիչներ Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Դավիթ Բաբայանցը, Հասմիկ Թորոսյանը, ջութակահար Անուշ Նիկողոսյանը եւ ուրիշներ»,- հավաստիացրեց դիրիժորը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

18.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031