Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոքրիկին կարող եք վստահել դայակին՝ սկսած երեք տարեկանից

Մայիս 19,2017 13:00

Ինչ գործոններ հաշվի առնել երեխայի համար դայակ ընտրելիս

Աշխատանքն ու երեխայի խնամքը համատեղելը ծնողի համար հաճախ անհնար է լինում: Երեւի՝ սա է գլխավոր պատճառը, որ ծնողը երեխայի դաստիարակությունը վստահում է ինչ-որ չափով օտար մեկին՝ դայակին:

Որքան էլ աշխատանքը կարեւոր լինի, միեւնույն է, դայակին դիմել-չդիմելու որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ով էլ լինի դայակը եւ որքան էլ հոգատար թվա, մոր ջերմությունն ու հոգատարությունը երեխան ոչ ոքից չի կարող ստանալ:

«Զուր չէ, որ մայրիկներին տրվում է երեքամսյա ֆիզարձակուրդ երեխային լույս աշխարհ բերելուց հետո` խնամելու համար: Երեխաները զգում են ամեն ինչ՝ մոր ջերմությունը, քնքշությունը, բույրով ճանաչում են նրան, էներգիայից հասկանում են՝ ինչ հոգեվիճակում է նա գտնվում: Ուստի պետք չէ շտապել երեխային դայակին հանձնելուց առաջ, քանի որ աշխատելու հնարավորություն ամբողջ կյանքում կընձեռվի, բայց մեր երեխային մեծացնելու, նրան խնամելու, նրա համար ամենաանհրաժեշտ շրջանում մայրական ջերմություն եւ գորովանք տալու հնարավորություն այլեւս չենք ունենա»,- ասում է հոգեբան Սաթեն Գրիգորյանը:

Տիկին Անուշը, որն ունի երկար տարիների դայակության փորձ, այժմ խնամում է 3 տարեկան Արենին: Ասում է, որ Արենին վերաբերվում է այնպես, ինչպես իր երկու երեխաներին. «Աշխատանքս չեմ համարում զուտ եկամտի աղբյուր, երեխային էլ ընդունում ու սիրում եմ այնպես, ինչպես իմ երեխաներին: Իհարկե, դժվար եւ պատասխանատու է քեզ վրա վերցնել ուրիշի երեխային մեծացնելը եւ ճիշտ դաստիարակություն տալը»:

Հոգեբանն էլ նշում է դայակի խնամքին հանձնելու երեխայի լավագույն տարիքը եւ այն արժեքները, որոնք պետք է ունենա դայակը. «Դայակին դիմելու լավագույն շրջանը համարվում է այն պահից սկսած, երբ երեխան կկարողանա հույզերը եւ դժգոհությունները ինքնուրույն ցույց տալ, խոսել, արտահայտվել: Այսինքն՝ գոնե 3 տարեկանից սկսած: Արտասահմանում դայակ ընտրելիս հաշվի են առնում բազմաթիվ գործոններ, կիրառում են տարատեսակ թեստեր: Մեզ մոտ այդ մշակույթը, ցավոք, դեռ զարգացած չէ»:
Լիլիթն էլ, որ գրեթե մեկ տարի է՝ իր երեխային վստահել է դայակին, ծնողներին խորհուրդ է տալիս դայակ ընտրելիս հաշվի առնել մի քանի գործոններ: «Անձնական փորձից ելնելով՝ կարող եմ մյուս ծնողներին խորհուրդ տալ, որ մինչ դայակ ընտրելը ուշադրություն դարձնեն նրա հոգեկան համակարգի կայունությանը, ադեկվատությանը, նույնիսկ հագուկապն ու արտաքին տեսքը աչքաթող չեմ արել: Մի քանի օր անընդհատ եղել եմ երեխայիս եւ դայակի հետ, տեսել եմ՝ արդյոք կարողանո՞ւմ են միմյանց հետ, այսպես ասած, լեզու գտնել, թե՝ ոչ»,- ասում է նա:

 

ԳԱՅԱՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ»

18.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031