Թանգարանների միջազգային օրվան նվիրված՝ Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում այսօր բացվեց Մարաշի ասեղնագործության անցյալն ու ներկան, հայտնին ու անհայտը ներկայացնող ցուցահանդես։
Առիթը Հոլանդիայի Մաասթրիխթ քաղաքում պահվող Մարաշի գաղտնակարի ասեղնագործության եղանակով արված հնագույն մի նմուշ է` թվագրված 14-րդ դարով։ Ասեղնագործության այդ պատառիկը պահվում է հայազգի Սուրբ Սըրվասի (4-րդ դար) գանձատանը: Քանի որ ասեղնագործության այս եղանակը հայկական է, ըստ հավանականության նմուշը նույնպես ստեղծվել է հայկական միջավայրում:
Այս նմուշը դարերի ընթացքում ամբողջությամբ չի պահպանվել, և հայ շնորհալի ասեղնագործուհիներն ու նրանց սաները կատարել էին ստեղծագործական-վերականգնողական աշխատանք՝ ներկայացնելով ասեղնագործության իրենց տարբերակները։ Ամենափոքր ասեղնագործուհին ընդամենը հինգ տարեկան Սուսաննան էր, որը նույնպես ասեղնագործել էր Կենաց ծառի իր տարբերակը: Ներկայացված նմուշները սփռոցներ էին ու սրբիչներ, վարագույրներ ու պայուսակներ, հագուստ և այլ առարկաներ։
Արաբկիրի հայորդաց տան խեցեգործության խմբակի երեխաները մարաշի «խաչերը» փորձել են ստանալ կավի վրա: Նրանց ուսուցչուհի Էլլա Պեպանյանը նոր բացահայտում է արել՝ խաչաձև պտուտակահանի (օтвёртка) միջոցով ստացել է մարաշի նախշը, և արդյունքում ծնվել է մի նոր տեխնիկա:
Ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը իր խոսքում ասաց. «Դեռ վաղ ժամանակներում, հայ երեխան մոր գրկից իջնելուց հետո անցել է ձեռքի աշխատանքի. Դա է մեր ազգի մինչև այսօր հարատևության գրավականներից մեկը: Այսօր մենք այստեղ պիտի կենդանի պահենք մեր ավանդույթները և դրանց մասին իմացնել կտանք աշխարհին»:
Ագապի ԽԱԼԱԹՅԱՆ