Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում իր վերանշանակմանն անդրադարձավ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը:
Հարցին՝ ինչո՞ւ պետք է նա վերանշանակվի, եւ որ աշխատանքի համար, պարոն Արամյանն այսպես պատասխանեց. «Ուզում եք, որ ես ինքնագնահատակա՞ն տամ իմ աշխատանքի մասին»:
Aravot.am-ը պարոն Արամյանից հետաքրքրվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի այսօրվա հանձնարարականի մասին. մասնավորապես, Կարապետյանը հանձնարարել էլ հաշվառել, իր խոսքերով ասած՝ պարապուրդում գտնվող պետական այն գույքերը, որոնցից հնարավոր է հավելյալ արժեք ստանալ: Կարապետյանը վստահեցրել էր, որ այդ տեսակի գույքն «աշխատեցնելու» դեպքում, գործարարին կազատեն լրացուցիչ հարկային բեռից:
Այս առնչությամբ պարոն Արամյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Խոսքը պոտենցիալ այն գույքի մասին է, որը կարող է նպաստել մեր տնտեսական աճին, օրինակ՝ հողատարածք, որը գյուղատնտեսական նշանակություն ունի, բայց պարապուրդի է մատնված, կամ արտադրական տարածք»:
Մեր հարցին՝ դրանք եկամտաբե՞ր են, պարոն Արամյանը պատասխանեց. «Պետությունը չի կարող բիզնեսի փոխարեն որոշում կայացնել, բայց կարող է ստեղծել այնպիսի խաղի կանոններ, որ խթաններ ստեղծի այդ գույքը շահագործվի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ