Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը` դպրոցների օպտիմալացման մասին. (Տեսանյութ)

Մայիս 18,2017 19:07

Կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանն անդրադարձավ դպրոցների օպտիմալացմանը, որը, հիշեցնենք, վարչապետի հանձնարարականն է:

Aravot.am-ը  պարոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ թե ինչ չափանիշներով են օպտիմալացվելու դպրոցները, եւ արդյոք սահմանամերձ գյուղերի դպրոցների վրա էլ սա կազդի, եւ ինչ կարող է պատասխանել վարչապետը այս որոշման ընդդիմադիրներին, որոնք պնդում են, թե այս նախաձեռնությունը կարող է գյուղերը դատարկել:

«Մենք ունենք հանձնարարական վարչապետից, ծրագիրը կամփոփենք: Խոսքը վերաբերում է դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների ձեւավորմանը եւ քաղաքային դպրոցների վերախմբավորմանը՝ զարգացման ծրագրի տեսակետից: Մենք ունենք խիստ թերբեռնված դպրոցներ եւ ունենք գերբեռնված դպրոցներ: Եվ քաղաքային բնակավայրերում առաջին փուլում ունենք կոնկրետ դեպքեր, որոնք ակնառու են, իսկ հետագայում կնայենք մեր դպրոցական համալիրի զարգացման սխեման»,-ասաց Մկրտչյանը: Հարցին՝ ուսուցիչների հաստիքների կրճատումներ կլինե՞ն , նախարարը պատասխանեց, որ եթե դպրոցների միավորում լինի, ապա հաստիքների հստակեցում էլ կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում   

Պարոն Մկրտչյանը նաեւ օրինակներ բերեց, թե որ դպրոցները կօպտիմալացվեն. «Օրինակ` ունենք 2 ավագ դպրոց, որոնց հեռավորությունը միմյանցից մի քանի հարյուր մետր է, երկուսն էլ թերբեռնված են»:

Մեր այն հարցին՝ արդյոք քաղաքային դպրոցների օպտիմալացումից հետո կանցնե՞ն  գյուղական բնակավայրերի դպրոցներին, սահմանամերձ գյուղերի դպրոցներին, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Մենք երկու խնդիր ունենք, չի կարող զարգացման ծրագիրը ինքնանպատակ լինի: Հիմնական նպատակը կրթության որակի պահպանումն է: Իմ խորին համոզումն է, որ յուրաքանչյուր բնակավայր, եթե գոյություն ունի եւ պետք է շարունակի իր գոյությունը, պետք է ունենա համապատասխան կրթական հաստատություն»:

Պարոն Մկրտչյանն ասաց, որ ներկայումս կա 400 դպրոց, որտեղ 100-ից պակաս աշակերտ կա:

Մանրամասները՝ տեսանյութում   

Ավագ դպրոցների մասին էլ Լեւոն Մկրտչյանն ասաց, որ իրեն չի բավարարում ավագ դպրոցների ծանրաբեռնվածությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031