Ապրիլի 18-ին կայացած Վանաձորի համայնքի ավագանու նիստին, ավագանու 15 անդամներ կողմ քվեարկեցին ՀՈԱԿ-ների հաստիքացուցակների եւ պաշտոնային դրույքաչափերի մասին հարցին: Ըստ որի նախատեսվում է կրճատումներ իրականացնել քաղաքի գրադարանային համակարգում եւ մարզական հաստատություններում:
Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի 8 գրադարանների աշխատակիցներն արդեն ստացել են կրճատման ծանուցագրերը: Որոշման հետեւանքով գրադարանային համակարգում հունիսի 25-ից ներկայիս 62 աշխատակցի փոխարեն կաշխատի ընդամենը 21-ը:
-Հասկանալի է, որ քաղաքապետարանի բյուջեն սուղ է եւ դժվար է շատ-շատ հարցեր լուծել՝ աշխատավարձի, կոմունալ վարձավճարների, շենքի պահպանման հարցը եւ այլն: Օբյեկտիվորեն սա բացատրելի է, բայց սուբյեկտիվորեն ցավալի երեւույթ է: Որովհետեւ օպտիմալացման արդյունքում մարդիկ աշխատանք չեն ունենում, աշխատողների 2/3-ը կրճատվում է,- ասում է Վանաձորի համայնքի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանը:
Ոլորտում 32 տարվա աշխատանքային փորձ ունեցող Մարիամ Ղարագյոզյանը հուսահատության ու անորոշության մեջ է: Մտածում է ոչ միայն աշխատանքը կորցնելու, այլեւ հետագայում գրքերի պահպանման մասին: Ասում է, նույնիսկ իր տան գրականությունն է նվիրել գրադարանին, իսկ այսօր գրադարանները կանգնած են փակման վտանգի առջեւ, ինքն էլ գտնվում է արտագաղթի ճանապարհին. «Էս ամբողջ գրականությունը՝ մի քանի հարյուր հազար, մի քանի ամիս հետո պետք է փչանա, թափեն: Իսկ ես տունս վաճառելու եմ ու գնամ այստեղից: 41 կին ոչ մի կոպեկ տուն չի տանելու, մեծ մասն անապահով ընտանիքներից են՝ երեխաները գործ չունեն, ամուսինները չեն աշխատում, իրենք մի կերպ իրենց կարիքները հոգում, կոմունալները վճարում: Շատ ողբերգական վիճակ է, եղեռնի պես մի բան է սա»,- ասում է Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանի վարիչը:
Համակարգի փոխտնօրեն Տաթեւ Աղաբաբյանն էլ կարծում է, որ եթե օպտիմալացման հետեւանքով գրադարաններ փակվեն, ապա ընթերցողների թիվը գնալով կնվազի. «Ցավալի փաստ է, բայց գրադարանավարի ձեռքին ոչինչ չկա: Ցավ ենք ապրում ոչ միայն գրադարանավարի, այլեւ ընթերցողի համար: Սա ի վնաս ընթերցանությանն է գնում: Մարդիկ կան, որ ի վիճակի չեն օրվա մեջ 200 դրամ տրանսպորտի գումար տալ, իջնել, որպեսզի քաղաքի գրադարանից օգտվեն: Իրենց հարմար է, որպեսզի իրենց թաղամասի գրադարանից օգտվեն»:
Գրադարաններից հաճախակի օգտվող Լիանա Հակոբյանը սովորում է Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում: Արվեստի բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Ասում է մասնագիտական գրքեր գտնելու հարցում դժվարությունների է հանդիպում, շատ գրքեր չի կարողանում գտնել: Լիանայի համար համացանցից օգտվելն այնքան էլ հարմար տարբերակ չէ, լավագույն տարբերակը՝ գրադարաններն են. «Շատ գրքեր կան, որ ինձ երկար ժամանակ անհրաժեշտ էին, որ փնտրում էի ու չէի գտնում: Բայց գրադարանում կարողացա գտնել: Էլեկտրոնային տարբերակները մատչելի չեն, հատկապես եթե տեսողության հետ կապված խնդիրներ ես ունենում: Իսկ, եթե որեւէ մի գրադարան փակվի, իհարկե դա ուսանողներիս համար դժվարություններ կառաջացնի»:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասում է, որ իրենք ուսումնասիրություններ են իրականացրել բոլոր գրադարաններում, իսկ արդյունքը գոհացնող չի եղել: Դրանից ելնելով էլ եկել են այն եզրակացության, որ պետք է իջեցնեն հաստիքների քանակը:
«2, 3 գրադարաններում մեր աշխատակիցների կողմից հայտնաբերվել են դեպքեր, երբ նախորդ տարվա նույն ամսվա, նույն ժամանակահատվածի հաճախորդները եւ այս տարվա նույն ժամանակահատվածի հաճախորդները եղել են նույն մարդիկ: Կարելի է ենթադրել, որ դա ուղղակի արտագրված է: Մենք ունեցել ենք գրադարաններ, որտեղ կան 6 դրույք, բայց աշխատանքային սենյակում հայտնաբերել ենք 2 աշխատանքային աթոռ: Ենթադրվում է, որ կա՛մ մնացած աշխատողների կարիքը չի զգացվում, կա՛մ այդ աշխատողներն ուղղակի աշխատավարձ են ստացել»:
Բացի հաստիքների կրճատումը խոսակցություններ են շրջանառվում նաեւ գրադարանների փակման մասին: Այս պահին դեռեւս հստակ չէ, թե որ գրադարանները կփակվեն եւ որոնք կշարունակեն իրենց գործունեությունը: Սակայն, համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ քաղաքի տարբեր հատվածներում գրադարաններ անպայման կգործեն. «Գուցե 2 կամ 3 փակվեն, որոնք ուղղակի նպատակահարմար չէ շահագործել: Դրանց մի մասը գտնվում են դպրոցների տարածքներում, երբ դպրոցներն էլ ունեն գրադարաններ: Չեմ կարծում, որ այս համացանցային դարում այնքան գրքասերների ու գիրք կարդացողների հոսքը շատ է, որ մենք մեզ նման ճոխություններ պետք է թույլ տանք»:
Դրույքաչափների կրճատման արդյունքում համայնքային բյուջեն կխնայի 31.3 մլն դրամ: Մամիկոն Ասլանյանի խոսքով այդ տնտեսված գումարներն ուղղված կլինեն քաղաքի տնտեսության զարգացմանը: Քաղաքապետն ասում է, որ հաստիքների կրճատման գործը թողել են գրադարանային տնտեսության ղեկավարի վրա: Ասում է՝ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքը չի գործելու. «Ովքեր որ գործի նվիրյալներ են ու գործի գիտակներ, իրենք կշարունակեն իրենց գործունեությունը: Մենք չենք միջամտելու, թե որ հաստիքները կմնան եւ որոնք չեն մնա: Ցանկացած նման որոշում կայացնելը շատ ցավալի է, բայց քաղաքային տնտեսության ու բյուջեի վիճակը թույլ չի տալիս, որ մենք հավելյալ աշխատատեղեր բացենք կամ ունենանք, եթե կարող ենք դրա փոխարեն քաղաքային տնտեսությունը զարգացնել: Բնականաբար մեր որեւէ գործողություն ուղղված չէ՝ ո՛չ մշակույթի, ո՛չ գրքասերների, ո՛չ էլ գրադարանների դեմ»:
Գրադարանային համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանի համար ընտրություն կատարելը դժվար է, մարդիկ աշխատանք են կորցնում. «Ինձ համար կարեւորն այն է, որ ես կարողանամ հնարավորինս աշխատողների համար քիչ վնասներով աշխատակազմ ձեւավորել, բնականաբար քաղաքապետարանի իմացությամբ»:
Քաղաքապետը վստահեցնում է, որ հնարավորության դեպքում աշխատանքից ազատված քաղաքացիներին կփորձեն կրկին աշխատանքի տեղավորել, թեկուզ այլ ոլորտում. «Մենք մեր բոլոր աշխատակիցների բազան ունենք, որը կպահենք եւ հնարավորիս արագ կաշխատենք լուծումներ տանք այլ ճյուղերում, որտեղ եկամտաբերություն կլինի, ներդրումներ կլինի, բիզնես միջավայր կաշխուժանա»:
Հիշեցնենք, որ մինչեւ 2008 թվականը,Վանաձորի գրադարանային համակարգում գործում էր 10-ը գրադարան: Իսկ 2008-ին դրանցից 2-ը փակվեցին, 81.552 կտոր գրքերի պահպանման հարցը մնաց օդից կախված:
Այս պահին գրադարանային համակարգն ունի 336. 009 կտոր գիրք: 2016 թվականին գրադարանային համակարգն ունեցել է 11.087 ընթերցող, իսկ ամբողջ տարվա ընթացքում գրադարան են հաճախել 98.013 բնակիչ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ