Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

1992թ. մայիսի 18-ին կայացավ երկար տարիներ Արցախ-Մայր հայրենիք կապը խոչընդոտող Լաչինի՝ ներկա Բերձորի ազատագրումը

Մայիս 18,2017 18:06

1992թ. մայիսի 18-ին կայացավ երկար տարիներ Արցախ-Մայր հայրենիք կապը խոչընդոտող Լաչինի՝ ներկա Բերձորի ազատագրումը, որով և իրականացավ Միացումը: Իսկ 1993թ. դեկտեմբերին կայացած որոշմամբ ստեղծվեց Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով:

Քաղաքի 25-ամյա տարելիցի օրը կայացավ տոնական միջոցառում, որին ներկա էին շրջանի ղեկավարությունը, Բերձորի և այլ բնակավայրերի բնակիչներ, հյուրեր, ազատամարտիկներ, որոնցից շատերն իրենց ներդրումն ունեն քաղաքի ազատագրման գործում:

Բերձորի Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցը Ն. Մխիթարյանը հանդիսավոր մասը հայտարարեց բացված: Հնչեց Արցախի օրհներգը, եղավ լռության րոպե:

Ներկաներին իրենց ելույթներով՝ ռազմահայրենասիրական երգ, ասմունք, պար, ողջունեցին բերձորցի դպրոցականները: Իրենց շնորհավորական խոսքով հանդես եկան շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը, Երևանում գործող «Հայրենիքի պաշտպան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հունան Հունանյանը:

Բոլոր ելույթ ունեցողները կարևորեցին Բերձորի ազատագրումը մեր ժողովրդի պատմության մեջ: Շնորհակալ եղան քաշաթաղցիներին, որ շենացնում են ազատագրված ու վերահայացած հայրենիքը:

«Հայրենիքի պաշտպան» հիմնադրամի կողմից «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրվեցին Բերձորի ազատագրմանը մասնակցած մի խումբ ազատամարտիկներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից Գուրգեն Զուռնաչյանը: Մեդալները հանձնեց Քաշաթաղի շրջանի զինղեկ, մայոր Ստեփան Օհանջանյանը:

Տոնի առթիվ քաղաքում կազմակերպվել էր նաև տոնական առևտուր:

25 տարի առաջ նույն օրն ազատագրվեց նաև Զաբուղ՝ այժմ՝ Աղավնո-Արիավան գյուղը, որտեղ և մեր հայրենիքի 2 հատվածներից գրոհող ջոկատները հանդիպեցին միմյանց, և հաղթանակի լուրը հասավ ողջ հայությանը: Մայիսի 18-ին տոնական էր նաև Աղավնոյում: Անցած տարվա ապրիլյան քառօրյայում մարտիրոսված քաջորդիներին նվիրված խաչքար-հուշաղբյուր բացվեց գյուղի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցի հարևանությամբ:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, այլ պաշտոնատար անձինք, գյուղի և հարևան բնակավայրերի բնակիչներ, հյուրեր:

Լռության րոպեից հետո հուշաղբյուրի բացման պատիվը տրվեց համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանին և հուշարձանի նախաձեռնող ու ֆինանսավորող Մուշեղ Բաղդագյուլյանին:

Անցած ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ Աղավնոյից նույնպես մոտ 2 տասնյակ կամավորներ մեկնեցին ռազմի դաշտ: Եվ նույն տղաների օժանդակությամբ իրականացավ նրանց ուխտը, որ արել էին առաջնագծում:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, շնորհավորելով ներկաներին օրվա առթիվ, կարևորեց Աղավնոյի դերը և՛ Արցախյան գոյամարտի ժամանակ, և՛ այսօր: Շնորհակալություն հայտնեց Աղավնոյի բնակիչներին, անցած ապրիլյան օրերին առաջնագիծ մեկնողներին: Կարևորեց նաև այն, որ գյուղի զարգացման նպատակով 50-ից ավելի առանձնատներ են կառուցվել ԱՐԻ ծրագրով, որը շարունակական է:

 ԱՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը նույնպես բարձր գնահատեց Աղավնոյի ազատագրման դերը: Նշեց, որ այստեղից է սկսվում Արցախի դարպասը, և կարևորն այն է, որ այն այլևս վտանգված չէ:

Հուշաղբյուրի նախաձեռնող Մուշեղ Բաղդագյուլյանը, շնորհավորելով տոնի առթիվ, ասաց՝ իր և ընկերների համար պարտականություն էր այս խաչքարի կանգնեցումը և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս գործում, իսկ նրանք ողջ գյուղի բնակիչներն են:

Դպրոցի փոխտնօրեն Ջուլիետա Մանվելյանն անդրադարձավ անցած 25 տարիներին և ուրախությամբ նշեց, որ իրենց բնակավայրը շենանում է, ապրում առաջընթաց:

Ներկաներին իրենց ելույթներով ողջունեցին Աղավնոյի դպրոցի սաները: Ռազմահայրենասիրական երգերով ոգևորեցին դպրոցի ուսուցիչներ Կարեն Հակոբյանը, Ռուզաննա Նիգոյանը և Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի սան Լիլիթ Ավագյանը:

Օրվա ընթացքում Բերձորի երկրագիտական թանգարանում, նվիրված թանգարանների օրվան, կազմակերպվեց նկարիչ-երեխաների մրցույթ, որի ընթացքում մոտ 15 աշակերտ մատիտանկարով ներկայացրին Բերձորի ազատագրման իրենց պատկերացումը:

  Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031