ԱԺ փոխնախագահներ են ընտրում խորհրդարանում:
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախորդ գումարման ԱԺ-ից վատ եւ լավ հիշողություններ ունի եւ հիշում է, թե ինչպես էր Շարմազանովն անջատում ընդդիմադիրների խոսափողները՝ զրկելով ձայնի իրավունքից:
Նա հարցրեց՝ արդյոք այս ԱԺ-ում դուք կփորձե՞ք ավելի համբերատար լինել, հանդուրժող եւ չանջատել ընդդիմադիր պատգամավորների խոսափողները եւ արտահայտվելու հնարավորություն տալ:
Շարմազանովը պատասխանեց, որ երբ պատգամավորներն էլ ԱԺ կանոնակարգ օրենքը խախտեն՝ ինքը կանջատի խոսափողները: Նա ասաց, որ թեժ բանավեճերին, այլընտրանքային կարծիքներին կողմ է, բայց ոչ օրենք խախտելուն:
ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն առաջադրել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
Նիկոլ Փաշինյանը Մելքումյանին հարցրեց. «Այս պահին ԱԺ-ում կա երկու ընդդիմադիր խմբակցություն եւ երկու խմբակցությունների պատգամավորների թիվը միասին կազմում 40: 9-ը պատգամավոր «Ելքն» ունի, 31-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունը: «Ելքը» ընդդիմադիր թեկնածու է առաջադրում եւ փակ գաղտնի քվեարկությամբ ստանում է 12 կողմ ձայն: Ձեր մեկնաբանությունը այս փաստի կապակցությամբ, ինչո՞ւ ձեր խմբակցությունը քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածուի օգտին եւ ոչ մեր թեկնածուի»:
Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ իրենց դաշինքը քաղաքական որոշում է ընդունել, որ պատգամավորներին թողնել ազատ՝ յուրաքանչյուրը քվեարկի իր խղճի մտոք, այնպես, ինչպես ինքը գտնում է նպատակահարմար:
Նիկոլ Փաշինյանն էլ հեգնեց. «Տարօրինակ եւ ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության անդամների խիղճը նրանց տարել է դեպի ՀՀԿ իշխող կուսակցություն եւ ոչ հակառակը»:
Փաշինյանն ասաց, որ իրենց խմբակցությունը Միքայել Մելքումյանի օգտին կքվեարկի՝ անկախ մյուս թեկնածուների նկատմամբ անձնական վերաբերմունքից:
Խորհրդարանը ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը կանցկացնի վաղը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ