Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հավատո՞ւմ եք արդյոք, որ դուք որեւէ բան փոխելու ընդունակ եք». Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին (Տեսանյութ)

Մայիս 18,2017 17:33

«Վերջին տարիներին անդադար եւ անընդմիջում ՀՀ բոլոր պետական ամբիոններից հնչում են հակակշիռների եւ զսպումների մասին հայտարարություններ: Սրա մասին խոսում է եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, բայց փաստն այն է,որ այդ բազմաթիվ ելույթներից հետո ՀՀ իշխանության ներսում հակակշիռների եւ զսպումների իրական մեխանիզմներ չկան»,- այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսպես էր պատգամավորներին համոզում ԱԺ նախագահ ընտրել Էդմոն Մարուքյանին, այսինքն՝ ընդդիմությանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաճախ ԱԺ-ն դառնում է գործադիր իշխանության կցորդը, շատ դեպքերում Բաղրամյան 26-ից են ԱԺ-ին թելադրում ու ուղղորդում, ուստի անհրաժեշտ է ԱԺ ընդդիմադիր նախագահ ունենալ. «Սա մի քայլ է, որը գործնականում կապացուցի, որ կա քաղաքական կամք՝ ունենալ հակակշիռների մեխանիզմ»:

Նիկոլ Փաշինյանը նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթից մեջբերում արեց, ըստ որի, մարդու իրավունքների հետ կապված պաշտոններում ընտրեք նրան, որը ոչ թե թիմակից է, այլ ընտրեք նրան, ով լավագույնս կկատարի այդ աշխատանքները: Փաշինյանն ասաց, որ նախագահի ելույթից մի քանի ժամ է անցել ու հիմա կտեսնենք, թե ինչ արժեք ունեն ՀՀԿ-ականների կողմից հնչող խոսքերը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանրապես Արա Բաբլոյանին շատ մեծ հարգանքով է վերաբերում, հայտնի մանկաբույժ է, տեւական ժամանակ եղել է ԱԺ պատգամավոր, աշխատել է կառավարությունում. «Բայց ես մշակութային շոկ ապրեցի, երբ պարզվեց, որ Արա Բաբլոյանը ԱԺ պատգամավոր եղած ժամանակ քվեարկել է ուրիշի փոխարեն: Եթե որեւէ մեկն ասեր դրա մասին՝ չէի հավատա: Բայց որ պարոն Բաբլոյանն ինքն է ասում, որ այդպիսի բան եղել է, շատ ցավալի է եւ ինձ համար անսպասելի»:

Փաշինյանը նաեւ ասաց, որ Բաբլոյանը լավ մանկաբույժ է, մանկաբուժությունը շատ բան կկորցնի, եթե նա լինի ԱԺ նախագահ, իսկ Էդմոն Մարուքյանը եթե լինի, մանկաբուժությունը ոչինչ չի կորցնի:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց ԱԺ նախագահ ընտրել Մարուքյանին եւ ընտիր գովազդ կլինի, միջազգային ողջ մամուլը կգրի Հայաստանի մասին եւ պետք չի էլ միլիոնավոր դոլարներ հատկացնել՝ մեր երկիրը գովազդելու համար. «Հիմա լավագույն շանսն է, որ մեծամասնությունն ապացուցի, որ ինքը հավատում է իր ասածներին»:

«Ելք» խմբակցության ղեկավարը հիշեցրեց ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը. «Հիմա հարցը հետեւյալն է՝ հավատո՞ւմ եք արդյոք ինքներդ ձեր ասածներին եւ հավատո՞ւմ եք արդյոք, որ դուք որեւէ բան փոխելու ընդունակ եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031