Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հերիք չէ՞ ամեն մի օր մի երեխու սպանված բերում են, ջարդում են ծնողներին». ասում է Արցախում զոհված Գոռի հայրը (Տեսանյութ)

Մայիս 18,2017 17:23

Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Գոռ Գարեգինյանի՝ այս տարվա փետրվարի 6-ին Թալիշում զոհվելուց հետո, ծնողները, որոնք գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում, վերադարձել են հայրենիք, այլևս ոչ մի տեղ չեն գնալու։

«Իմ տղայիս շիրիմն այստեղ է, ինչպե՞ս թողնեմ շիրիմն ու գնամ, ո՞ր մի ծնողը կթողնի իր երեխային»,-ասում է հայրը՝ Համազասպ Գարեգինյանը։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ որդին մեծ հաճույքով է ծառայել, բանակից ոչինչ չի պատմել։

Գոռի զոհվելուց հետո Գարեգինյանների ընտանիքը, բնականաբար, ընկճված է, սակայն ծառայելու մեծ պատրաստակամություն է հայտնում նաև երկրորդ որդին, որը նույնպես շուտով կգնա ծառայության։

«Գոռը մի անգամ ընկճված չկա, մի տարի երեք ամիս է՝ ինչ ծառայում էր, մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին, բայց մի անգամ չի զանգել, ասել՝ պապ ջան, էս խնդիրն ունեմ, էսպես է, էնպես է վիճակը… Ընդհակառակը, միշտ ինքն է ինձ դուխ տվել, թե ամեն ինչ լավ է։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն ունենալու համար էլ գովասանագրի էր արժանացել։ Մենք Ռուսաստանում էինք, որ այս դեպքը եղավ որդուս հետ»,- մղկտում է հայրը։

Ըստ նրա, Արցախյան հակամարտության լուծումը կախված է խելացի ղեկավար ունենալուց։ «Խելացի ղեկավարից է գալիս կոնֆլիկտի հաշտեցումը, եթե չէ, էսպես մեր երեխաներին պիտի տանեն- բերեն, տան ծնողների ձեռքը… Ու չգիտեմ մինչև երբ, կամ էս կողմ, կամ էն կողմ…Բա էսպես եղա՞վ, ամեն օր մի երեխու բերում են, ջարդում են ծնողներին, բա սա պետություն եղա՞վ»,-հազիվ էր արցունքները զսպում հայրը։

Նա ասաց, որ թեև սիրտը լացում է, բայց, իհարկե, շատ հպարտ է, որ հերոս, խիզախ որդի ունի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031