Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե Բաբլոյանը որոշ ոչ ադեկվատ խորհրդարանականներին զրկի ձայնի իրավունքից»

Մայիս 18,2017 17:18

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանի գնահատմամբ, խորհրդարանից հեռացավ զվարճալի կողմը, մնաց ավելի վտանգավոր շերտը:

Մեր հարցին՝ եթե համեմատելու լինեք նոր ձեւավորված խորհրդարանը նախորդ խորհրդարանների հետ, ի՞նչ մինուսներ կառանձնացնեք, տիկին Սեդրակյանը պատասխանեց. «Շատ ավելի վտանգավոր շերտ եմ նկատում, այսինքն, եթե ժամանակին խորհրդարանում կային ակներեւ զվարճալի դեմքեր, որոնք խորհրդարանական գործունեության հետ կապ չեն ունեցել, այժմ խորհրդարանում մնացել են հին՝ սովետական KGB-ի ներկայացուցիչները, որոնք առերեւույթ այդքան էլ զվարճալի չեն, բայց իրականում կատարելու են իրենց սեւ գործը՝ լինի դա քվեարկություն, թե քարոզչություն: Այդ հին բանակը՝ Բաբուխանյանի, Գեղամյանի տեսքով, խորհրդարանի համար շատ ավելի վտանգավոր է, քան իրենց ոչ ադեկվատ հայտարարություններով հայտնի գործարարները: Այս խորհրդարանի մինուսն այն է, որ զվարճալի կողմը հեռացավ, բայց պրոպագանդայի հիմնական կորիզը մնաց»:

Անդրադառնալով ՀՀԿ-ի առաջադրած ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանին, Անուշ Սեդրակյանը նկատեց, որ խորհրդարանը, որը չի կարող եւ չի ընդունելու քաղաքական որոշումներ, ինչպես Հայաստանում միշտ եղել է, բնական է, որ պետք չէ, որ ունենա քաղաքական գործիչ խորհրդարանի ղեկավար. «Չեմ կարծում, որ դա ավանդույթի խախտում է կամ ինչ-որ նորարարություն: Ինձ ուրիշ բան է մտահոգում, որ մենք՝ բոլորս էլ գիտենք՝ ՀՀ խորհրդարանն ինչ դեր է ունեցել ու ինչ դեր է  ունենալու, բոլորս էլ գիտենք՝ ինչպես են ընտրվել պատգամավորները եւ ինչի հետեւանքով, բայց դեռեւս շարունակում ենք խորհրդարանը, իր առաջին գումարումը, խոսնակի ընտրությունը թիրախային ուշադրության կենտրոնում պահել: Այն պարագայում, երբ Հայաստանում շրջանառվում են շատ ավելի վտանգավոր ու հետաքրքրական լուրեր, օրինակ՝ էներգետիկ անկախության համար  ութ միլիարդի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Հարցադրումը կուզեի այնպես լիներ, թե ինչպիսին կլիներ ՀՀ-ի, խորհրդարանի ու դեռ նախագահի վերաբերմունքը այդ առաջարկությանը, կմասնակցի՞ ՀՀ-ն էներգետիկ անկախության իրեն մեկնած փրկօղակային միջոցառմանը, թե՞ դա էլ կմերժի՝ շարունակելով իր կախվածությունը Գազպրոմից: Արդեն շրջանառվում է  ՀՀ-ն ռուբլու  գոտի մտցնելու խնդիրը, Պերմյակովին են տալիս ՌԴ-ին: Այս ամբողջ հոգսերի ֆոնին  ապաքաղաքական խորհրդարանի խոսնակի մասնագիտությունը անկարեւոր է, խոսնակը շատ լավ է, որ բժիշկ է, գուցե առողջապահական միջոցառումներ ձեռնարկի ու որոշ ոչ ադեկվատ խորհրդարանականներին զրկի ձայնի իրավունքից»:

Մեր հարցին՝ խորհրդարանում տեսնո՞ւմ եք այն ընդդիմադիր ուժին, որը կընդդիմանա իշխանությանը ու թույլ չի տա ցանկացած նախագիծ հեշտ ու հանգիստ անցկացնել,  տիկին Սեդրակյանը պատասխանեց. «Ելնելով այն նախաձեռնություններից, որոնք իսկապես էական կարող են լինել հանրապետության համար՝ դրանք ոչ ռուսական կողմից եկող նախաձեռնություններ են, արեւմտյան նախաձեռնություններ են: Այդ նախաձեռնություններին, իմ կարծիքով, ընդդիմադիր  դաշտը չի մասնակցելու, քանի որ նախօրոք ռացիոնալ կերպով հայտարարել է իր՝ ոչ արեւմտական կողմնորոշման մասին: Դրա համար չեմ կարծում, որ արմատական քաղաքական փոփոխություններ են մեզ սպասվում, ու ընդդիմությունն էլ միգուցե հակառակվի իշխանության մի շարք նախաձեռնություններին, բայց արմատական փոփոխություններ  իր հեր չի բերի, որովհետեւ նախ դրա քանակական հնարավորությունները չունի, եւ երկրորդ, որ դրա որակական ցանկությունը չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031