Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Հեթում քահանա Թարվեդյան. «Որևէ մեկից դպրոցում չի պահանջվում լինել քրիստոնյա»

Մայիս 18,2017 16:44

Արդյոք քրիստոնեությունը պետք է դպրոցներում ուսուցանվի՞, թե՝ ոչ. հարցի պատասխանը տարբեր տեսանկյուններից դիտարկելիս տարբեր է:

Տեր Հեթում քահանա Թարվեդյանը կարծում է. «Եթե խոսում ենք քրիստոնեության մասին և եթե ցանկանում ենք ունենալ քրիստոնեական արժեքներ կրող, պահպանող հասարակություն, ապա նախ պետք է սկսենք քրիստոնեական արժեքները ներմուծել մեր կրթական օջախներ՝ մանկապարտեզ և դպրոց։ Խոսելով դպրոցում քրիստոնեական արժեքների և հատկապես դաստիարակության մասին, մենք պետք է գիտակցենք, որ նպատակը ոչ միայն պետք է լինի աշակերտը, այլ նաև ուսուցիչը, քանի որ ուսուցիչը նախ ինքը պետք է այդ արժեքների կրողը լինի՝ նոր հետո աշակերտը»:

Իրավապաշտպան և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այս հարցի շուրջ ունի իր դիրքորոշումը. «Երեխաները պետք է զերծ մնան ցանկացած կրոնական դաստիարակությունից: Կարելի է բարձր դասարաններում կրոնը որպես գիտություն ուսումնասիրել: Կարծում եմ, որ սա անթույլատրելի է»:

Նմանատիպ տեսակետ ունի նաև ԵՊՀ ուսանողուհի Լիդան .«Կարծում եմ՝ մարդն ազատ է ընտրել, թե ինչին հավատա կամ չհավատա: Հայերը դեռ փոքրուց իրենց երեխաների մեջ սերմանում են հավատ ու սեր դեպի Քրիստոնեությունը, բայց իմ կարծիքով երեխան դեռ պետք է մեծանա, հասնի մի տարիքի, երբ կկարողանա ինքնուրույն որոշել, թե որ կրոնն է ցանկանում դավանել: Եվ դպրոցներում անցնելով կրոն առարկան, պետք է մանրամասն ուսումնասիրել բոլոր կրոնները»:

Հարցին, թե արդյոք այն աշակերտները, որոնք այլ համոզմունքներ ունեն, խտրականության ենթարկվելու խնդիր չունե՞ն՝ Տեր Հեթում քահանա Թարվեդյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ խտրականության ենթարկվելու խնդիր կունենան, որովհետև այլ է քրիստոնյա լինելը, այլ ՝դաստիարակություն ստանալը և արժեքներ կրելը։ Մեզ Քրիստոնեությունը սովորեցնում է, որ մարդը ազատ է, Աստված մարդուն ազատ է ստեղծել և մարդը միշտ ընտրության առջև է կանգնած։ Շատ լավ պետք է հասկանանք, որ Քրիստոնեությունը խոնարհություն է պահանջում, սեր, փոխզիջում, այլ ոչ թե պարտադրանք։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ազնիվ գնահատանքը տա, թե այդ արժեքները ինչքան են օգնել իրեն կյանքում, ինչպես նաև, որևէ մեկից դպրոցում չի պահանջվում լինել քրիստոնյա»։

Սակայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) –ի կողմից 2015 թվականին անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան դեպքեր, երբ դպրոցի ուսուցիչերը Քրիստոնեությունը չդավանող աշակերտներին վիրավորում են, դասարանից դուրս վռնդում:

Կրոնական փոքրամասնություն կազմող մարդիկ հաճախ ինտեգրման խնդիրներ են ունենում:

 Աննա Ղուկասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031