Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակի մշակութային կոթողները բարձիթողի վիճակում են

Մայիս 18,2017 16:36

Աշտարակի Սպիտակավոր (Կառուցվել է V-VI դդ, վերակառուցվել՝ XIII -XIV դարերում) և Ծիրանավոր (Կառուցվել է 5-6-րդ դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից) եկեղեցիները վերջին անգամ վերակառուցվել են միջնադարում: Ներկայումս եկեղեցիները գտնվում են կիսավեր վիճակում: Սպիտակավոր եկեղեցին 2010 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Մշակույթի նախարարությունից մեզ տեղեկացրին. «2016 թ. ՀՀ մշակույթի նախարարությունը Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում ծրագրի հրատապ տողից 2.7 մլն դրամ է հատկացրել Ծիրանավոր եկեղեցու ամրակայման և նորոգման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար: Սակայն մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպություն չի ճանաչվել: 2016 թ. Աշտարակ համայնքի ղեկավարը ներկայացրել է Ծիրանավոր եկեղեցու տարածքի բարեկարգման նախագիծ և ստացել մշակույթի նախարարության համաձայնությունը:

2017 թ. լիազոր մարմինը գումար չի նախատեսել նշյալ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գործընթացն իրականացնելու համար»:

Տեղեկացրին նաև, որ հուշարձանների հսկողությունը և պահպանությունն իրականացնում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը:

Իսկ Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանից տեղեկացանք, որ Սպիտակավոր եկեղեցու վերակառուցումը իրենց ծրագրերում առկա է, սակայն որ թվականի և որ ծրագրում, չհստակեցրին:

Մինչ պատկան մարմիններն անորոշ ծրագրեր են մշակում, եկեղեցիների տարածքի բնակիչները իրենց մտահոգությունն են հայտնում. «Սրանք մեր պատմությունն են, մեր մշակույթը: Անտեսել այս սրբավայրերը` նույնն է, թե անտեսել մեր պատմությունը: Ամեն անգամ այս հատվածով անցնելիս` մեծ ցավ եմ ապրում. միակ բանը, որ կարող եմ անել` ժամանակ առ ժամանակ եկեղեցու տարածքը մաքրելն է»,-ասաց այդ տարածքի բնակչուհի Վիկան:

 

 Աննա Ղուկասյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031