Լրահոս
Օրվա լրահոսը

«Մա՛մ, պա՛պ, հանկարծ իմ մասին չմտածեք, մեզ մոտ պատերազմ չկա», ասել է Գոռը ՌԴ-ում գտնվող ծնողներին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 18,2017 16:18

Այսօր Շիրակի մարզի Շիրակ գյուղի ռազմագիտության դասարանն անվանակոչեցին փետրվարի 6-ին Թալիշում զոհված 19-ամյա զինծառայող Գոռ Համազասպի Գարեգինյանի անվամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան թշնամու կողմից անդադար կրակոցներ են հնչել, երբ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, Գոռը հեռադիտակով սկսել է հետեւել թշնամուն, ու այդ ժամանակ թշնամու դիպուկահարը խփել է նրա ճակատին:

Գոռի ծնողներն այդ ժամանակ Հայաստանում չեն եղել, նրանք որդուն բանակ ճանապարհելուց հետո, վերցնելով երկու անչափահաս տղաներին՝ մեկնել էին Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանան գյուղի մեջ գոնե մի տուն կառուցել։ Ըստ հարևանների, նրանք բնակվում են տնակում, երկրաշարժից անօթևան են։

Մայրը՝ տիկին Աիդան պատմեց, որ որդին հաճախակի է խոսել իրենց հետ։ Նա թեև մասնակցել է ապրիլյան պատերազմին, բայց ոչ մի բառ այս մասին չի խոսել։ Նրա հետ վերջին հեռախոսազանգը եղել է զոհվելուց երկու օր առաջ։ «Իրեն վերջին անգամ տեսել եմ երդման արարողության ժամանակ։ Հեռախոսով միշտ խոսում էինք, ասում էր՝ մա՛մ, պա՛պ, մի անհանգստացեք, իմ մասին մի մտածեք, ամեն ինչ լավ է։ Վերջին հեռախոսազրույցը փետրվարի 4-ին էր, ինքը զանգեց: Ով իմանար, որ վերջին անգամ ենք լսելու նրա ձայնը․․․ Հենց լսում էի՝ լարված իրավիճակ է, զանգում էի, ինձ հանգստացնելով՝ ասում էր, մեզ մոտ պատերազմ չկա, մամ ջան։ Մի օր էլ էդպես ասեց, հարցրեցի՝ բա դու ի՞նչ ես անում, ազիզ ջան, ասեց՝ հեչ, դասերի եմ…», -արտասվելով պատմում էր մայրը։

Գոռին իր դպրոցում հիշում են որպես ստեղծագործողի, չի եղել մի միջոցառում, որին նա չմասնակցեր, չպարեր։ Նա բանաստեղծություններ է գրել, նաև երգել է ու յուրահատուկ ունակություններ ունեցել մաթեմատիկայից։ Հոր՝ Համազասպ Գարեգինյանի պատմելով, որդին դպրոցն ավարտելուց հետո մտածել է գնա բանակ, ծառայի, որ գա աշխատի՝ մի տուն կառուցեն, գլխներին կտուր ունենան։ «Դպրոցը գերազանցությամբ է ավարտել, բայց չգնաց ինստիտուտ, ասեց՝ շուտ գնամ բանակ, շուտ ծառայեմ, գամ, ախպերներիս օգնեմ, ոտքի կանգնենք, հետո կսովորեմ»,-պատմում էր հայրը։

Հարևանների ասելով, Գոռի ծնողները 7 տարի շարունակ երեխա չեն ունեցել: Գոռը նրանց առաջնեկն էր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031