Լրահոս
Օրվա լրահոսը

Խանդոյանը՝ դատավորին. «Հլը նայեք մորս՝ ի՜նչ ա դառել ձեր ապօրինությունների պատճառով» (Տեսանյութ)

Մայիս 18,2017 16:10

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով հերթական նիստի ժամանակ վերջինիս պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու մասին:

Միջնորդության առնչությամբ մեղադրյալ Արարատ Խանդոյանը հանդես եկավ հայտարարությամբ: Ասաց՝ առկա է տեսագրություն, որում երեւում է, որ ոստիկաններն են հարձակվում ցուցարարների վրա. «Փոխանակ իմ հանդեպ քրեական գործը կարճեն եւ ոստիկաններին պատժեն, այս շինծու գործն են շարունակում քննել: Ինձ ոստիկանները հարվածել են մահակներով: Հատուկ միջոցներից՝ լուսաձայնային նռնակներից, վնասվել էր իմ աչքը: Ինձ չեն տանում գլխի ստուգման, ցավեր ունեմ: Պատճառաբանում են, թե պատերազմի ժամանակ եմ «կոնտուզիա» ստացել, դրա հետեւանքն է (Արարատ Խանդոյանն արցախյան ազատամարտի մասնակից է.-խմբ)»:

Ապա Խանդոյանը մատնացույց արեց դատական նիստերի դահլիճում ներկա իր մորը եւ ասաց դատավորին. «Հլը նայեք մորս՝ ի՜նչ ա դառել՝ ձեր ապօրինությունների պատճառով է դա… Ձեր թոռներին ի՞նչ եք ասելու, որ անմեղ մարդու եք դատե՞լ…Եթե իմ հանցագործ լինելու փաստը չկա, որպես ի՞նչ եք ինձ կալանքի տակ պահում»:

Դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ կարծիք հայտնելով, որ Արարատ Խանդոյանն ու իր պաշտպանն իրենց վարքագծով խոչընդոտում են դատաքննության ընթացքին: «Դա հիմք է տալիս ենթադրելու, որ Արարատ Խանդոյանը պատժից կխուսափի»,-նշեց նա: Սա առաջացրեց Խանդոյանի ու նրա պաշտպանի քմծիծաղը:

Խանդոյանն էլ իր հերթին նշեց, որ հինգ հատոր քրեական գործում չկան հիմնավորումներ, որ ինքը մեղավոր է: «ԼՂՀ-ում մարտական գործողություններ են, դա էլ բերեք-կապեք վրես»,-հեգնեց նա: Դահլիճից մի կին էլ, թե. «Էն «Իգլա»-ի գործն էլ իր վրա կապեք»:

Արարատ Խանդոյանի տարեց մայրն էլ անընդհատ հուզվում էր, սրբում արցունքները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031