Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Կատասանովա. «Քլոդ Միշլեն Կալենցի պահապան հրեշտակն էր»

Մայիս 18,2017 15:48

«Կալենց»  մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն եւ Սարո Կալենցի տիկին Լարիսա Կատասանովան (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հունիսի 15-ին «Կալենց թանգարանը» պատրաստվում է հերթական հետաքրքիր ցուցահանդեսին: «Մենք բացելու ենք Հարություն Կալենցի անձնական հավաքածուի ցուցադրությունը, որը Կալենցը 1946 թ. Հայաստան գալով իր հետ բերել էր Բեյրութից: Դրանք այն նկարիչների գործերն են, որոնց հետ Կալենցն աշխատել է Բեյրութում, այսինքն՝ 20-40 թթ. ստեղծագործություններ են»,- ասաց տիկին Կատասանովան:

Նա հայտնեց, որ այդ ստեղծագործությունները երկար տարիներ պահպանվում էին իրենց թանգարանում, ու աժմ բազմազբաղ Սարո Կալենցը վերջապես հնարավորություն է ունեցել զբաղվել դրանցով, վերականգնել ու շրջանակների մեջ դրել: Պարզեցինք, որ առաջիկայում բացվելիք ցուցահանդեսում, ի թիվս այլ նկարիչների, կներկայացվի նաեւ ֆրանսիացի նկարիչ Քլոդ Միշլեն, որը, «Կալենց»  մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենի ձեւակերպմամբ, եղել է Հարություն Կալենցի պահապան հրեշտակը:

«Քլոդ Միշլեն առաջին պրոֆեսիոնալ նկարիչն էր, որին հանդիպել էր Կալենցը: Նա էր, որ 17-ամյա Կալենցի մեջ տեսավ տաղանդը: Միշլեի հետ Կալենցը սերտ ստեղծագործական կապի մեջ է եղել մինչեւ նրա մահը, Միշլեի արվեստանոցում Կալենցը սկզբում դասավանդել է, հետո նրա հետ ճամփորդել է Սիրիայում եւ Լիբանանում: Նրա հետ ցուցահանդեսներ էր կազմակերպել, զրուցել արվեստի մասին: Միշլեի միջոցով Կալենցը շփվում էր նաեւ այլ` արաբ, ֆրանսիացի նկարիչների հետ, որոնք աշխատում, էին Լիբանանում: Նրանց աշխատանքները շատ նուրբ են, գեղեցիկ, եւ ըստ էության այդ ստեղծագործությունները պատկերացում են տալիս, թե ինչ միջավայրում է աշխատել Հարություն Կալենցը»,- շեշտեց Լարիսա Կատասանովան:

Նրա վկայությամբ, հունիսին բացվելիք ցուցահանդեսը ցուցահանդեսների նոր շարքի սկիզբ է հանդիսանալու:

Հավելենք, որ «Կալենց թանգարանը», որի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կա galentz.am կայքում, մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի մահվանից 40 տարի անց` 2010 թվականից է հանրության առաջ իր դռները բացել: Այն ստեղծվել է Հարություն Կալենցի ընտանիքի` նրա տիկնոջ, նկարչուհի Արմինե Կալենցի և որդիներ` Սարո եւ Արմեն Կալենցների ջանքերով, որոնց մասնավոր հավաքածուներն էլ հենց դրվել են թանգարանային ցուցադրությունների հիմքում:

«Կալենց թանգարանի» ստեղծման գաղափարը առաջ էր քաշվել արվեստագետի մահվանից հետո` 1967 թվականին, բայց ինչ-ինչ պատճառներով ձգձգվել էր: Արմինե Կալենցի ջանքերի շնորհիվ, սակայն, 1968-ին Կալենցի արվեստանոցում այցելուների համար բացվել էր Կալենցի աշխատանքների մշտական ցուցադրություն, ինչն այդ տարիների համար հեղափոխություն էր: Իմիջիայլոց, այն հանդիսանում է մասնավոր պատկերասրահի նախատիպը նախկին ԽՍՀՄ տարածքում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031