Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը տեսել է, որ ոստիկանն է քար նետում». Արարատ Խանդոյանը զայրացավ, որ պատգամավորը չի հարցաքննվի (Տեսանյութ)

Մայիս 18,2017 15:25

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը հանդես եկավ հայտարարություններով:

Նախ դժգոհեց՝ պնդելով, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը չարաշահում իր լիազորությունները եւ իր հանդեպ կատարում է ապօրինի գործողություններ, որոնք հրամայված են իշխանության կողմից: «Դուք խախտում եք իմ իրավունքները, ապօրինի գործողություններ եք կատարում»,-ասաց Խանդոյանը, ապա նշեց, որ պաշտպանական կողմի որոշ միջնորդությունների, ինչպես նաեւ՝ իր հանդեպ կիրառված դատական սանկցիայի պատճեններ իրեն չեն ուղարկվել, ինչի պատճառով նա ժամանակին չի արձագանքել դրանց:

Դատավորն իր հերթին պարզաբանեց, որ նշյալ փաստաթղթերի օրինակները իրեն կփոխանցվեն:

Արարատ Խանդոյանի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանի՝ նախորդ դատական նիստերում ներկայացված միջնորդությունների քննությունը շարունակվեց: Նախ, դատարանը մերժեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը, ինչն առաջացրեց Արարատ Խանոյանի եւ ծիծաղը, եւ զայրույթը: Դատախազ Հայկ Պետրոսյանն էլ առարկեց այդ միջնորդության դեմ:

Խանդոյանը, սակայն, պնդեց. «Տեսանյութերից մեկում պատգամավորն ասում է, որ ոստիկաններն են կատարում ապօրինի գործողություններ: Նա ականատես է լինում, թե ինչպես է փոխգնդապետը քարեր եւ այլ առարկաներ նետում ժողովրդի վրա: Մինչդեռ դատախազը խեղաթյուրում է՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ժողովուրդն է քարեր նետում: Դատախազը կոծկում է ոստիկանության ապօրինի գործողությունները, այդ պատճառով առարկում է, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի»:

Դատարանը մերժեց նաեւ Արարատ Խանդոյանի դեմ երկու ոստիկանների ցուցմունքները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու միջնորդությունները: «Նրանք իմ դեմ կեղծ ցուցմունքներ են տվել: Չեն էլ հիշում, թե ինձ որտեղից են բերման ենթարկել: Սա շինծու քրեական գործ է»,-կրկին դժգոհեց Արարատ Խանդոյանը: Ի դեպ, նա դատարան էր եկել գրությամբ՝ «ես քաղբանտարկյալ եմ» եւ այն տեղադրել իր դիմաց:

Այլ մանրամասները՝ հաջորդիվ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031